Monday, June 4, 2012

Այսօր Երևան է ժամանում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը

Tert.am. 4-6-2012- Այսօր Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով իր շրջայցն սկսել է մայիսի 31-ից և մինչև հունիսի 7-ը այցելելու է 7 երկիր՝ Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, ապա` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա: Հայաստանում Քլինթոնը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ ղեկավարության հետ կքննարկի տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանն ու ահաբեկչության դեմ պայքարի մասին հարցեր: Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնի այցին ընդառաջ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն անցած շաբաթ ասել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հնարավոր է, ի թիվս այլ հարցերի, քննարկի նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ավարտին կամ վերսկսմանն առնչվող հարցեր։ Նա նաև հնարավոր էր համարել ԼՂ հակամարտության հարցի քննարկումը։ «Հնարավոր է նաև, որ խոսի, բայց ԱՄՆ-ն շատ լավ հասկացել է, որ այս տարածաշրջանում առանց Ռուսաստանի ԱՄՆ-ն ոչ մի բան անել չի կարողանա»,– ասել էր քաղաքագետը։ Հայ հեղափոխական դաշնակցության Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն իր հերթին հայտարարել էր, որ, իր կարծիքով, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ ՀՀ իշխանությունները նրանից պետք է բացատրություն պահանջեն, թե արդյո՞ք, ԱՄՆ-ը համոզված է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի նաև ինքնորոշման սկզբունքի հիման վրա, թե՞ ԱՄՆ–ի կեցվածքի մեջ որևէ փոփոխություն է տեղի ունեցել: «Մեզ համար կարևոր է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների հարցը, ինչպես նաև մեզ հետաքրքրող այն հարցերը, որոնցով հետաքրքված է նաև ԱՄՆ-ը` հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի խնդիրները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել էր նա։ Ըստ Կիրո Մանոյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ԱՄՆ-ից պետք է պահանջել, որպեսզի այն ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի այն լուրջ վերաբերվի Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման խնդրին: «Թուրքիայի նախագահ Գյուլի վերջին հայտարարությունները շղարշ են` ուղղված միջազգային հանրությանը, որ ցույց տան, թե իբր՝ կա ինչ-որ գործընթաց, սակայն իրականում ոչ մի գործընթաց էլ չկա»,- մեկնաբանել էր Մանոյանը: Հայաստանից ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Վրաստան, իսկ հունիսի 6-ին՝ Ադրբեջան, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հիլարի Քլինթոնի շրջագայության վերջին կանգառը կլինի Թուրքիան, որտեղ հունիսի 7-ին նա կմասնակցի ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովին, որը տեղի կունենա Ստամբուլում։ ԱՄՆ պետքարտուղարն այնտեղ կհանդիպի թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի Սիրիայի, Իրանի խնդիրները:

No comments: