Tuesday, June 5, 2012

Ադրբեջանը նման պրովակացիաների է դիմում` ցույց տալու, որ խնդիրը դեռ լուծված չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

HayNews.am. 4-6-2012- «Վստահ եմ, որ պրովակացիան ուղղված է Քլինթոնի այցին և ամեն անգամ, երբ Հայաստան են այցելում միջազգային կարևորություն ունեցող անձինք, Ադրբեջանը նման պրովակացիաների է դիմում` ցույց տալու, որ խնդիրը դեռ լուծված չէ»,- HayNews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա նշեց նաև, որ այս քայլով Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ, որ ձևաչափը չի համապատասխանում խնդրի լուծմանը և հարկավոր է ուրիշ ձևաչափ առաջարկել. «Վստահ եմ, որ այս վերջին քայլը պետք է օգտագործվի Հայաստանի կողմից միջազգային հասարակությանը ցույց տալու, թե ով է գործողություններ հրահրողը: Հայաստանը պատրաստ է խիստ պատասխանի և պատերազմի դեպքում կարող է ցույց տալ, թե ով է մեղավորը: Ռազմաճակատում պետք է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ խախտումներ չլինեն»: Քաղաքագետը հավելեց նաև, որ պատասխան քայլը կարող է լինել ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական գործողությունների տեսքով. «Պետք է օգտվել նաև այն փաստից, որ այստեղ է գտնվում միջազգային կարևոր ու ազդեցիկ ներկայացուցիչ Հիլլարի Քլինթոնը»: Այն հարցին, թե արդյոք նման գործողությունները կարող են պատերազմի տեղիք տալ, Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ պատերազմի վտանգը շատ մեծ է. «Կարելի է ասել, որ փաստացի պատերազմական գործողություններն արդեն սկսված են, ինչը վկայում է սահմանում տեղի ունեցող ցավալի հետևանքներով բազմաթիվ զինադադարի խախտումները»:

No comments: