News.am. 4-6-2012- Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ այսօր` հունիսի 4-ի գիշերը, Ադրբեջանի կողմից կատարված դիվերսիոն գործողությունների հետ կապված, որի հետեւանքով հայկական կողմից կա 3 զոհ եւ 6 վիրավոր, այսօր առավոտյան Չինարի գյուղ է այցելել ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը` իրադրությանն ավելի մոտիկից ծանոթանալու համար: Լրագրողների հետ զրույցում վերջինս նշեց, որ կատարվածն իրապես ցավալի ու անցանկալի էր, բայց որոշ առումով նաեւ կանխատեսելի: «Կանխատեսելի էր այն առումով, որ, այնուամենայնիվ, մենք գտնվում ենք ռիսկային գոտում, եւ, այդ առումով, ընդամենը պետք է ավելի զգաստացած ու զգոն լինենք, հատկապես շփման գոտում: Բացի այդ, պետք է կարողանանք այդ զգոնությունը պահպանել, որ հնարավոր լինի նվազեցնել ռիսկն ու հետեւանքների վտանգավորությունը ինչ-որ չափով, քանի որ շփման գծում այսպիսի դեպքերն ու բախումները միշտ էլ հնարավոր են»,-ասաց նա: Դիտարկմանը, թե այսինքն, ըստ զինդատախազի, սահմանին զգոնությունը պակա՞ս է, Գեւորգ Կոստանյանը նշեց. «Մենք զգոնության պակաս չունենք, մենք ունենք զգոնության ավելացման կարիք»: Վիրավորների առողջական վիճակին անդրադառնալով, ՀՀ զինդատախազը նշեց, որ նրանց, ում պետք է անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել, օպերատիվ եւ արագ, իրենք արդեն տեղափոխում են մայրաքաղաք: Ընդհանուր առմամբ, բոլորի վիճակները բավարար են, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ զոհերի մասին խոսելիս, Գեւորգ Կոստանյանն ասաց. «Սահմանի Չինարիի այս հատվածում մենք ունենք 2, իսկ Բերդավանի հատվածում` 1 զոհ»: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ գյուղում բնակչության շրջանում տուժածներ չկան, բացի այդ, խուճապ եւս Չինարիում չկա, իսկ մանկապարտեզն ու դպրոցն այսօր գործում են իրենց բնականոն հունով: Չինարիի մանկապարտեզի վարիչ Փառանձեմ Աղասյանի խոսքով, գյուղի մանկապարտեզը հաճախ է կրակոցների թիրախ դառնում, ու երեխաներն էլ արդեն հասկանում են ամեն ինչ: «Կրակոցների ժամանակ մենք երեխաներին տեղափոխում ենք հատուկ թաքստոց, միացնում ենք բարձր երաժշտություն, որ կրակոցների աղմուկը խլանա, բայց երեխաները միեւնույն է հասկանում են ամեն ինչ»,- ասաց նա:
Tuesday, June 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment