«Լրագիր» 4-6-2012- Հանրապետական կուսակցությունը որոշել է Տիգրան Սարգսյանին վերանշանակել վարչապետի պաշտոնում, իսկ Սերժ Սարգսյանն էլ ՀՀԿ խմբակցության հետ խորհրդակցելուց հետո, ինչպես Սահմանադրությունն է պահանջում, Սարգսյանին արդեն նշանակել է վարչապետի պաշտոնում: Այստեղ կարծես թե որեւէ ուշագրավ բան չկա՝ ֆորմալ ընթացակարգ, խորհրդարանի առաջին նիստի օրը կառավարությունն ու վարչապետը հրաժարական ներկայացրին նախագահին, հետո խորհրդարանի ղեկավարությունը ձեւավորվեց, հետո Սերժ Սարգսյանը խորհրդակցեց ՀՀԿ խմբակցության հետ նոր վարչապետի թեկնածությամբ, հետո էլ Տիգրան Սարգսյանը վերստին նշանակվեց վարչապետ: Ուշագրավ բան այդ ամենում, այդուհանդերձ, կա: Բանն այն է, որ ՀՀԿ-ն միաձայն է որոշել հավանության արժանացնել Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Թե իրականում ինչ կա ՀՀԿ-ականներից ամեն մեկի հոգու խորքում, այլ խնդիր է: Բայց փաստը, որ ՀՀԿ-ն հայտարարում է միաձայն հավանության արժանացնելու մասին, ուշագրավ է 4 տարի առաջվա իրավիճակի համեմատ: Իսկ 4 տարի առաջ, երբ նոր նախագահ դարձած Սերժ Սարգսյանն անկուսակցական Տիգրան Սարգսյանին էր նշանակում վարչապետ, ՀՀԿ-ն ամենեւին չէր փորձում թաքցնել, որ այդ կապակցությամբ կան բավականին շատ ներկուսակցական դժգոհություններ: Արդյոք ներկայում միաձայն հավանության պատճառն այն է, որ Տիգրան Սարգսյանն այսպես ասած իր թիմով դարձավ ՀՀԿ-ական: Հազիվ թե, առավել եւս, որ այդ կարգավիճակով Տիգրան Սարգսյանը ՀՀԿ դժգոհների համար պետք է լինի առավել մտահոգիչ, քանի որ Սարգսյանը մեկն է այն թեւերից, որոնք փորձում են փոխել ՀՀԿ իմիջը, ինչը նշանակում է ՀՀԿ-ն ազատել “օդիոզ” դյուժիններից կամ առնվազն նրանց մղել խորը թիկունք, դրանից բխող հնարավոր հետեւանքներով: Ուրեմն ինչու ՀՀԿ-ն չորս տարի առաջ բացահայտ դժգոհում էր, կամ չէր թաքցնում դժգոհությունը, իսկ այժմ այն առնվազն թաքցնում է եւ հավանություն տալիս միաձայն: Միթե ՀՀԿ-ին գոհացնում է Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը: Երեւի թե այո: Ընդ որում, գոհացնում է թերեւս ամենեւին էլ ոչ այն պատճառով, որ Սարգսյանի քաղաքականության շնորհիվ երկրում տնտեսական զարգացում է եւ սոցիալական ծանրության մեղմացում: Խնդիրն այստեղ այլ է: ՀՀԿ-ն գոհ է, որ Տիգրան Սարգսյանը խոսում է բարեփոխումների, օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների դեմ պայքարի մասին, հայտարարում ռեֆորմիստական քաղաքականության մասին, իշխանության որակի փոփոխության անհրաժեշտության մասին, մտածողության փոփոխության անհրաժեշտության մասին, բայց իրականում չի փոխվում ոչինչ: Ավելին, համակարգային բարեփոխումների ուղղությամբ կառավարության ձեռնարկած բոլոր քայլերը, որոնք անցնում են այսպես ասած մոնոպոլ եւ օլիգոպոլ համակարգի դեմ պայքարի նշանաբանով, մրցակցային տնտեսության, մրցակցային միջավայրի ձեւավորման նշանաբանով, ի վերջո իրենց արդյունքում ավելացնում են ընդամենը փոքր ու միջին բիզնեսի բեռը, շարքային քաղաքացիների ֆինանսական բեռը՝ երբ հարկ է լինում վճարել լրացուցիչ գումարներ այս կամ այն պարտադիր նորամուծության համար: Տիգրան Սարգսյանի նպատակը գուցե դա չէ, եւ նա գուցե միանգամայն ազնիվ է բարեփոխումների, որակի, մշակույթի, մտածողության փոփոխության, ստեղծագործական ազատ միջավայրի ձեւավորման մասին իր հռչակումներում: Բայց ու՞մ է դա հետաքրքրում, առավել եւս վարչապետության մեկնարկից չորս տարի անց: Որեւէ մեկին արդեն հետաքրքիր չէ՝ ազնիվ է վարչապետն իր մղումներում, թե ոչ, որովհետեւ մարդիկ այլեւս գնահատում են միայն խիստ կոնկրետ գործով: ՀՀԿ-ն էլ Տիգրան Սարգսյանին խիստ կոնկրետ է գնահատում, դրա համար էլ արդեն հավանում է միաձայն, որովհետեւ վարչապետը խոսում է, իսկ գործը շարունակում է մնալ նույնը, եւ Հայաստանում շարունակում են մենատերերն ու օլիգոպոլիստները լավ զգալ իրենց: Հասկանալի է, որ Սարգսյանն ընդամենը վարչապետ է, եւ խոսքից գործի անցնելու պարագայում շատ էական է, թե նրա հանդեպ ինչպես է մյուս Սարգսյանի՝ Սերժի դիրքորոշումը: Բանն այն է, որ վարչապետի լիազորությունը սահմանափակ է, եւ շատ հաճախ նա իսկապես կարող է միայն խոսել, որովհետեւ գործելու լծակները բավական չեն: Բայց, այդ դեպքում էլ գնահատելի է կոնկրետությունը: Այլապես, Հայաստանում մի շատ տարածված իշխանական երեւույթ է ի հայտ գալիս: Բոլոր պաշտոնյաները փորձում են հանրությանը ներկայանալ “սրբի” կերպարանքով, թե իբր իրենք քարը քարին չէին թողնի հին համակարգից եւ այն կօծեին բարոյապսակով, բայց ահա կան համակարգում արատի օջախներ, որոնք կատաղի դիմադրում են եւ իրենց չեն թողնում աշխատել: Լավ, հասկանալի է, նաեւ զգալիորեն տրամաբանական: Բայց, այդ դեպքում կամ թողնում են ու հեռանում համակարգից, չդառնալով դրա նոր որակի շղարշը, որի պարագայում համակարգը շարունակում է իրենը, փոխարենն արդեն նորի մասին անգամ տեսական խոսքերն են արժեզրկվում, կամ էլ այդ պայմաններում էլ լինում են շատ կոնկրետ՝ այսինքն շատ կոնկրետ ասում են, թե ովքեր են այդ խանգարողները: Հասարակությունը դա էլ կգնահատի որպես կոնկրետ գործ: Ի վերջո, ամենասկզբում խոսքն էր, որը կոնկրետ լինելու պարագայում հավասարազոր է գործին: Ասացեք կոնկրետ, թե ովքեր են խանգարողները, ու թող այդ խանգարողները պատասխանեն: Դա թող անի թե վարչապետը, թե բոլոր այն պաշտոնյաները, ովքեր ուղղակի կամ անուղղակի փորձում են ներկայանալ որպես համակարգի “սպիտակ ագռավ”: Կամ անուն առ անուն ասեք սեւերին, կամ դադարեցրեք հասարակության հետ շփվել “մաֆիայի” տրամաբանությամբ: Խաղը վաղուց արդեն ավարտվել է, եւ հասարակությունը վաղուց արդեն գիտե սեւերին էլ, կարմիրներին էլ: Այդ դեպքում իհարկե հարց է առաջանում, թե էլ ինչու ասել եւ անուններ տալ, եթե հասարակությունը բոլորին գիտե: Բայց, այդ կոնկրետ անուններն ու իրերը հստակ ու կոնկրետ իրենց անունով կոչելը ոչ թե հասարակությանը, այլ այդ պաշտոնյաներին է պետք, ազնվության եւ անկեղծության քննությունը հանձնելու եւ հասարակության գնահատականը ստանալու համար: Ի վերջո, առանց հասարակության հստակ ու բաց գնահատականի, միամտություն է թերեւս կարծել, որ պարտիզանական պայքարը կարող է հաջողության բերել մինչեւ ուղն ու ծուծը ինստիտուցիոնալացված արատի այդ համակարգի դեմ: Իհարկե, տեւական ժամանակի մեջ գուցե շանս կա, որովհետեւ այդ համակարգը ինքնախժռող համակարգ է: Բայց, խնդիրն այն է, որ այդ պայմաններում համակարգը խժռում է ոչ միայն իրեն, այլ նաեւ “պարտիզաններին” ու պետությանը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Monday, June 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment