Saturday, June 2, 2012

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Բաքվին մեղադրել է ԼՂ խնդրի կարգավորման փորձերը տապալելու մեջ

Tert.am. 2-6-2012- ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հունիսի 1-ին կազմակերպվել են ոչ պաշտոնական քննարկումներ`«Հակամարտությունների խաղաղ կարգավորում, դրանց կանխարգելումն ու լուծման ուղիները. միջնորդություն, իրավական որոշում և արդարություն» թեմայով: Բացի ԱԽ անդամ երկրներից, հանդիպմանը մասնակցել են ՄԱԿ-ի անդամ այլ երկրներ, ՄԱԿ-ի Քարտուղարությունը, միջկառավարական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ավելի քան 120 ներկայացուցիչներ, ինչպես նաև կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, հայտնում է Trend-ը: Որպես հիմնական զեկուցողներ են հանդես եկել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն ու Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Մալքոլմ Սոուն: ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ագշին Մեհթիևը, բացելով հանդիպումը, հայտարարել է, որ քննարկման նպատակը միջազգային իրավունքի հիման վրա վիճահարույց հարցերի կարգավորման, հակամարտությունների կանխարգելման ուղիներ գտնելն է: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանն իր ելույթում նշել է, որ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև չէ և պաշտոնական Բաքվին մեղադրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման փորձերը տապալելու մեջ: Ի պատասխան, Ազիմովը հերթական անգամ կրկնել է Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումն այս հարցում` կրկին մեղադրելով Հայաստանին «ադրբեջանական տարածքները գրավելու մեջ»:

No comments: