Wednesday, June 20, 2012

Որն է Հայաստանի ռիսկը

«Լրագիր» 19-6-2012- Մի քանի օր առաջ Երեւանում կազմակերպած տնտեսական համաժողովի ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշել էր, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում հայերը հաջողակ ձեռնարկատերեր են դառնում, եւ չկա “մշակութային ոչ մի արգելք”, որ իրենց հայրենիքում հայերը չլինեն նույնքան հաջողակ: Հասկանալի է, թե ինչ նկատի ունի ԱՄՆ դեսպանը: Նա նկատի ունի այն, որ Հայաստանն ուներ անկախության քսան տարիների ընթացքում առավել մեծ տնտեսական ձեռքբերումներ ունենալու ռեսուրս, այդ թվում եւ արտերկրի հայության շնորհիվ: Իսկ մշակութային խոչընդոտի բացակայությունը նա ընդգծում է թերեւս այն համատեքստում, որ թեեւ արտերկրի եւ Հայաստանի հայությունը կարծես թե տարբեր մշակութային, արժեքային հարթություններում են գտնվում, այդուհանդերձ դա չպետք է խոչընդոտ լիներ համազգային նպատակների արձանագրման եւ դրանց իրականացման կամք ու հավաքականություն դրսեւորելու գործում: Իսկ համազգային նպատակը բնականաբար պետք է լիներ հայկական պետությունը կամ եթե կուզեք՝ պետությունները, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Բայց, տխուր փաստն այն է, որ մշակութային տարբերությունն առավել զորեղ է, քան էթնիկ նույնականությունը: Դրա հետեւանքով, Հայաստանի եւ Սփյուռքի օրգանական կապը չստացվեց, ինչից կարող էր իսկապես մեծ արդյունք ծնվել: Հայաստանյան հասարակական մտածողությունն ու Սփյուռքի մշակույթը այդպես էլ չգտան ընդհանուր այնպիսի եզրեր, որոնց վրա կկառուցվեր ավելի բարեկեցիկ, առավել արդյունավետ եւ արդար, օրինավոր եւ իրավական Հայաստանը: Եվ դրան խանգարեց մշակույթը, հայաստանյան մշակույթը՝ կենցաղի, հասարակական կյանքի, քաղաքական կյանքի վրա գերակա ազդեցություն հաստատած մշակույթը: Դրանում տեղ չունի օրենքը, արժանապատվությունը, իրավունքը, ազատությունը: Դրանում տեղ ունի ուժեղի մոտ թույլն է մեղավոր, թույլի մոտ ուժեղն է հաջողակ փիլիսոփայությունը, որից էլ ածանցվում են խաբելը, գցելը, հարկ եղած դեպքում ծեծելը՝ սպանելուց չխորշելով: Այդպես անկախ Հայաստանում ձեւավորվեց ուժի, ոչ թե իրավունքի իշխանություն, եւ հաստատվեց ոչ թե իշխանություն-հասարակություն փոխհարաբերության մեխանիզմ, այլ ուժեղի ու թույլի հարաբերություն: Ու քանի որ այդ հարաբերությունը մեծ հաշվով ոչ թե պարտադրվել է հասարակությանը, այլ ներդրվել է հասարակական հոգեբանությունից, պատմական բարդույթներից, խորհրդառուսական մտածողությունից օգտվելով, հանրության բնազդների վրա խաղալով, հանրությունը առկա հարաբերությունից դժգոհ լինելով հանդերձ, երազում է ոչ թե արդար, օրինավոր, իրավացի, այլ ուժեղ լինելու եւ իրենից թույլի հանդեպ նույնը անելու մասին, ինչ տվյալ ժամանակ իր հետ անում է իրենից ուժեղը: Դա իհարկե հասարակական բացարձակ վիճակ չէ, որովհետեւ հատկապես վերջին տարիներին ձեւավորվել եւ նույնիսկ զգալիորեն կայացել են քաղաքացիական, իրավական ինքնագիտակցությամբ համակված բազմաթիվ քաղաքացիական եւ քաղաքական խմբեր, բայց գերական շարունակում է լինել ուժեղ, ոչ թե իրավացի դառնալու երազանքը, ինչն էլ իշխանությանը թույլ է տալիս իր ուժի դիրքից մանիպուլյացիոն կառավարման ենթարկել հասարակությանը: Սփյուռքի հետ մշակութային մերձեցման եւ փոխառության մեխանիզմը չաշխատեց հենց այն մշակույթի եւ մտածողության պատճառով, որ գերակա է Հայաստանում: Իսկ այդ ամենն ազդում է մարդկային ինքնադրսեւորման վրա, թույլ չի տալիս բացել հայության ամենաթանկ՝ մարդկային կենսունակության ստեղծագործական ռեսուրսը, որը այդքան արդյունավետորեն բացվում է այլ՝ ազատ եւ իրավական մշակույթի միջավայրերում, վերածվելով այն հաջողակության, որի մասին մատնանշել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Հայկական ներուժը հայրենիքում բացվելու համար ունի հենց այդ մշակութային արգելքը, ու հենց դա է, որ պետք է վերացվի Հայաստանում, պետք է տրանսֆորմացվի ազատության եւ իրավունքի վրա խարսխված մտածողության եւ արժեհամակարգի, որպեսզի հայը նաեւ հայրենիքում դառնա հաջողակ: Այդ մշակութային, մտածողական, հոգեբանական եւ արժեքային խոչընդոտը պետք է վերացվի իշխանական էլիտա կոչվածի մակարդակում, որը սակայն իր մեծ մասով հենց առկա մտածողության կրողն է, նաեւ այդ մտածողության քաղցր պտուղները տնօրինողը, ինչը գրեթե զրոյացնում է առկա հանրային գերակա մտածողությունը փոխելու, մշակութային վերափոխում իրականացնելու իշխանական էլիտայի շահագրգռությունը, չնայած հնչող արտահայտություններին: Դա անշուշտ չի նշանակում, որ իշխանության մեջ չկան փոփոխության անկեղծ կողմնակիցներ: Հաստատապես կան, բայց փոփոխությունների ուղղությամբ առանձնակի ակտիվությունը նրանք թե իրենց, թե պետության համար համարում են ռիսկային: Այստեղ իսկապես կա դիլեմա, որովհետեւ իսկապես՝ որպեսզի իշխանական էլիտայում փոփոխության անկեղծ կողմնակիցն ակտիվ լինի, պետք է ունենա հասարակական մեծ աջակցություն, որպեսզի դրա շնորհիվ չեզոքացնի համակարգային զգալի դիմադրությունը եւ թե ինքը, թե պետությունը չհայտնվի ռիսկի տակ: Մյուս կողմից սակայն, հանրային աջակցության համար էլ հենց գուցե պետք է լինել ակտիվ, հանրությանը պետք է ցույց տալ փոփոխությունների հանդեպ անկեղծ լինելու գործնական եւ հիմնարար օրինակներ: Ինչ խոսք, հանրությունն ինքը մեծ մասով շարունակում է լինել այն մտածողության կրողը, որը առկա է իշխող համակարգի զգալի մասում: Բայց, հանրության առաջադեմ մասը վկայել է, որ առավել աշխույժ եւ կենսունակ է, առավել արդյունավետ, հետեւաբար իշխանական համակարգից գործնական, առարկայական, հիմնարար ազդակ ստանալու դեպքում կարող է աջակցել եւ նպաստել ռիսկերի չեզոքացմանը: Այստեղ իհարկե առաջ են գալիս քաղաքական, կուսակցական, անգամ անձնական տարաձայնությունները, խոչընդոտելով փոփոխությունների համար պայքարի պատրաստ տեսակի միավորմանը: Բայց, դրա համար պատասխանատվությունը այն հատվածի վրա է, որը ներկայում իշխանության մեջ է: Այդ տեսակը պետք է նաեւ առաջինը լինի տարատեսակ տարաձայնություններից վեր կանգնելու եւ հիմնարար փոխգործակցության եզրեր գտնելու հարցում, կրկին՝ միայն գործնական, առարկայական հարթության մեջ, որովհետեւ խոսքն արդեն բավարար չէ, իսկ իրավիճակն էլ արդեն հասել է մի կետի, երբ պետության համար ակտիվ փոփոխության ռիսկն ավելին չէ, քան այն ռիսկը, որին պետությունը ենթարկվում է ներկայիս իրավիճակի առկայությամբ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: