Zham.am. 18-6-2012- «Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանին բոլոր սադրանքները պլանավորում է, որպեսզի ճնշում գործադրի թե՛Հայաստանի, թե՛ միջազգային հանրության վրա»,– լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ նշելով, որ այնքան էլ չի կարևորորում այդ հարձակումները: «Այս դեպքերը պետք է քննարկել վերջին քսան տարիների ֆոնի վրա: Ադրբեջանը փորձել է ամրագրել խնդրի այն կերպարը, որ ինքն իրավաբանորեն արդար է և իրավունք ունի պահանջել, այսպես ասած, իր զավթած հողերի վերադարձը: Եթե միջազգային հանրությունը դա չանի, ապա ինքը կարող է դա անել ոչ դիվանագիտական եղանակներով: Բայց Բաքվում հետևում են նաև անդրկովկասյան զարգացումներին, հատկապես Իրանի շուրջ տարածվող զարգացումներին, և չի բացառվում, որ նրանց վերջին քայլերը կապվում են Իրանի շուրջ տեղի ունեցող դեպքերի հետ»,- նշեց բանախոսը, հավելելով, որ եթե ընդունենք, որ Ադրբեջանի այդ քայլերն ինքնուրույն են, ապա դա նշանակում է, որ նա ստուգում է մեր ամրությունը կամ փորձում է ամրագրել միջազգային հանրության մոտ այն կարծիքը, որ ինքը փորձում է «հետ բերել իր կորցրած հողերը»: Անդրադառնալով այսօր Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, քաղաքագետը նշեց, թե որևէ բեկումնային բան պետք չէ սպասել. «Ես չեմ կարծում, որ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ պետք է սպասել վճռական բեկում: Բայց մեզ համար այդ հանդիպումը կընթանա ոչ հայանպաստ ֆոնի վրա»: Ամփոփելով, բանախոսը նշեց, որ խաղաղությանը պատրաստվելու լավագույն ձևը պատերազմին պատրաստ լինելն է, միևնույն ժամանակ նշելով, որ պատերազմի հավանականությունը քիչ է:
Monday, June 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment