Tert.am. 18-6-2012- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հավանականությունն այս տարի քիչ է: Այս մասին ադրբեջանական 1news.az-ի հետ զրույցում ասել է Լոնդոնի Menas Associates-ի քաղաքական վերլուծաբան, Caucasian Review of International Affairs ամսագրի նախկին ավագ խմբագիր Ալեքս Ջեքսոնը: Ըստ նրա` ԼՂ խնդիրը կարող է լուծվել միայն հակամարտող կողմերի ու միջնորդների բավարար քաղաքական կամքի առկայության դեպքում, իսկ «այս տարի կողմերի մոտ դա այդքան էլ առկա չէ»: Քաղաքագետի խոսքով` Հայաստանում ու ԱՄՆ-ում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնք դանդաղեցնում են այս հարցով վճռորոշ քայլերի ձեռնարկումը: «Իսկ Վլադիմիր Պուտինի վերադարձը նախագահի պաշտոնին նշանակում է, որ Ռուսաստանը նույնպես զգուշավոր կլինի այս հարցում: Պուտինն ավելի աշխարհաքաղաքական մտածող է, քան Մեդվեդևը, և նախընտրում է Հարավային Կովկասում ստատուս քվոյի պահպանումը»,- ասել է Ջեքսոնը` հավելելով, որ չնայած վերջին ժամանակներում շփման գծում միջադեպերը բարձրացրել են խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը, սակայն հակամարտող երկրների սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել: Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հարավային Կովկաս այցին զուգահեռ շփման գծում միջադեպերի ակտիվացման ժամանակահատվածում, ապա, ըստ նրա, սա դեռ չի նշանակում, որ ԱՄՆ-ը ցանկանում է շատ քաղաքական կապիտալ ներդնել հակամարտության կարգավորման հարցում: «ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Ու չնայած ամերիկացի պաշտոնատար անձինք շարունակում են կողմերին զսպվածության ու խաղաղ կարգավորման կոչ անել, սա դեռ չի նշանակում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ փոփոխություններ կամ ամերիկյան ուշադրության լուրջ մեծացում»,- ասել է վերլուծաբանը: Ըստ Ջեքսոնի` շփման գծում վերջին միջադեպերը ցույց են տալիս, թե որքան արագ կարող է իրավիճակը դուրս գալ վերահսկողությունից, սակայն սա դժվար թե մոտ ապագայում հանգեցնի պատերազմի վերսկսման: «Լուրջ հակամարտություն կարող է սկսվել այն դեպքում, եթե կողմերից որևէ մեկի (կամ երկու կողմերի) առաջնորդները պատրաստ լինեն պատերազմի, կամ եթե ի վիճակի չլինեն հսկել զինված ուժերը: Ես դեռ չեմ տեսնում այս գործոններից որևէ մեկի 100%-ոց առկայություն»,- ասել է Ջեքսոնը: Նշենք, որ այսօր Փարիզում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին կներկայացնի հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ:
Monday, June 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment