Tuesday, June 5, 2012

Քլինթոն. Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծում գոյություն չունի եւ չի կարող ունենալ

News.am. 4-6-2012- Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծում գոյություն չունի եւ չի կարող ունենալ: Այս մասին այսօր` հունիսի 4-ին, Երեւանում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա հայտարարել է, որ ցավով տեղեկացել է վերջին իրադարձությունների մասին եւ անհանգստացած է երիտասարդ զինվորների անիմաստ մահվան առնչությամբ: «Ուժի կիրառումը չի լուծի հարցը, ուստի անհրաժեշտ է բացառել դրա կիրառումը»,-ասել է նա: Քլինթոնը հակամարտության կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ ուժի կիրառումից եւ հայտարարել, որ նույնը կասի նաեւ Բաքվում` հունիսի 6-ին: Պետքարտուղարի խոսքով, այդ ցավալի դեպքեչը չպետք է կողմերին հետ պահեն բանակցային գործընթացից: «Անհրաժեշտ է խնդրի վերջնական լուծման ուղի գտնել եւ դրանում կարեւոր է ոչ միայն նախագահների, այլ նաեւ երկու երկրների քաղաքացիների դերը»,-նշել է Քլինթոնը, հավելելով, որ դա երկար ճանապարհ է, բայց պետք է առաջ շարժվել: «Նման միջադեպերը իրենց մեջ սպառնալիք են պարունակում, որ կարող են վերաճել ավելի վատ միջադեպերի` ավելի բարդ հետեւանքներով»,-ասել է նա, նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անում է ամեն ինչ, որպեսզի խուսափենք դեպքերի նման զարգացումից: «Հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան ակտի երեք սկզբունքների հիման վրա` առանց դրանցից մեկին առաջնահերթություն տալու: Անհրաժեշտ է շարունակել գործընթացը, բոլոր կողմերի շահերից բխող լուծում գտնելը եւ խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից»,-ամփոփել է Քլինթոնը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հունիսի 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի եւ Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհվել է 3 եւ վիրավորվել` 6 զինծառայող (նրանցից մեկն սպա է): Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միջադեպի կապակցությամբ, որտեղ նշվում է, որ հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներ` հակառակորդը հետ է մղվել: ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ: Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ բնակիչների շրջանում տուժածներ չկան: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցելության շրջանակներում: Հայաստանից հետո նա կայցելի Վրաստան, ապա` Ադրբեջան եւ Թուրքիա:

No comments: