Monday, June 4, 2012

Դերսիմի «կորուսյալ հայ դուստրը» կխոսի Թուրքիայի խորհրդարանում

Tert.am. 4-6-2012- 1937-1938 թթ.-ին Դերսիմի ցեղասպանության ընթացքում բազմաթիվ երեխաներ կտրվեցին իրենց ընտանիքներից, և հիմնականում զինվորների ընտանիքների կողմից «որդեգրվեցին»: Այժմ այդ օրերի տուժածների ընտանիքները, իրենց իրական ընտանիքները գտնելու համար դիմել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովին: Թուրքիայի խորհրդարանում Դերսիմի հարցով ստեղծված ենթահանձնաժողովը հունիսի 13-ին ընդունելու է «Դերսիմի կորուսյալ դուստրերին», ովքեր պատմելու են «ողջ իրականությունն» ու խնդրելու են օգնել` իրենց իրական ընտանիքները գտնելու հարցում: Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ»-ը, Դերսիմի արյունալի իրադարձություններն ուսումնասիրող ենթահանձնաժողովն այս աղջիկների մասին բազմաթիվ փաստեր ունի: Հատկապես սպաների ընտանիքներին որպես որդեգիրներ տրված և այնտեղ վատ վերաբերմունքի արժանացած աղջիկները դիմել էին խորհրդարանին, խնդրելով գտնել իրենց ընտանիքներին: Հայազգի Ֆաթմա Յավուզը, ով 57 տարի թաքցրել է իր ազգային ինքնությունը, նույնպես հրավիրվել է խորհրդարան: Իր իսկական անուն-ազգանունը 78 տարի անց բացահայտած Ֆաթմա Յավուզը, ով ընդամենը 5 տարեկանում աքսորվել էր Քոնյայից, խորհրդարան ներկայացրած իր դիմումում գրել է . «Նախ մի սպա ինձ իր մոտ տարավ: Նրա ընտանիքն ինձ որդեգրեց: Այնտեղ ինձ շատ էին ծեծում: Անգամ մատս նրանց ծեծի արդյունքում կոտրվեց: Ավելի ուշ մեկ այլ ընտանիք ինձ իր մոտ տարավ: Այնտեղ էլ շատ տանջանքների զոհ դարձա: Երբ 13 տարեկան էի, ամուսնացրին 35 տարեկան մի մարդու հետ: Քաղցած, ծարավ, տանջանքներով լեցուն կյանքով ապրեցի: Այն ժամանակ ես դեռ երեխա էի` անտուն, առանց աշխատանքի: Երեխաներիս այդ պայմաններում մեծացրեցի»:

No comments: