Tuesday, June 5, 2012

Ինչի համար էր եկել տիկին Հիլարին

«Լրագիր» 5-6-2012- Հայաստանում աշխուժորեն շարունակում է քննարկվել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը, դրա հնարավոր նպատակները: Հանրությունը բնականաբար առավելապես ենթադրություններ է անում, այն պարզ պատճառով, որ այդօրինակ այցերը պաշտոնական մակարդակում շատ քիչ են բացահայտվում, եւ կողմերը բավարարվում են հիմնականում ակնարկներով: Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի հիմնական նպատակներից մեկը համարվում է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում որոշակի նոր խթաններ ցուցաբերելը: Մասնավորապես, բնականաբար նկատի է առնվում Ղարաբաղի հակամարտությունը: Բայց, ըստ ամենայնի, դա չափազանցված ենթադրություն է: Ավելին, նկատելի է, որ ԱՄՆ ունի հակառակ խնդիր՝ Ղարաբաղի հարցում պահել ներկայիս իրավիճակն ու թույլ չտալ էական շարժեր, առնվազն քանի դեռ ԱՄՆ-ում թափ է հավաքում նախագահի ընտրության արշավն, ու առաջիկա ամիսներին այդ երկրում լինելու է նոր վարչակազմի ձեւավորման կամ վերադասավորման գործընթաց: Օրինակ, հենց նույն Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի պատրաստվում մնալ քաղաքականության մեջ եւ նոր ընտրությունից հետո հեռանալու է: Մեկ այլ հարց է հայ-թուրքական գործընթացը: Վերջին շրջանում ԱՄՆ կարծես թե որոշակիորեն աշխուժացրել է այդ ուղղությամբ իր ուշադրությունը: Մայիսի երկրորդ կեսին Չիկագոյում ՆԱՏՕ Վեհաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահը կարճատեւ հանդիպում ունեցավ Թուրքիայի նախագահ Գյուլի հետ, հետո Երեւանում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ փորձում են աշխատել Թուրքիայի հետ հայ-թուրքական գործընթացում առանց նախապայմանի առաջխաղացում ապահովելու համար: Բայց, հայ-թուրքական հարցում ԱՄՆ շահագրգռությունը թերեւս ունի առնվազն միջնաժամկետ թիրախ, այսինքն միտված է ոչ թե 2012, 2013 կամ 2014, այլ 2015 թվականին, երբ կլրանա Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այսինքն, հազիվ թե հայ-թուրքական խնդրի հարցում ԱՄՆ պետքարտուղարը իր ներկայիս այցով որեւէ լուրջ բեկում է ակնկալում: Ընդհանրապես, ներկայիս այցը ուշագրավ է նրանով, որ Հիլարի Քլինթոնը վերջին երկու տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է այսպես ասած տարածաշրջանային տուրնե իրականացնում Հարավային Կովկասում: Հենց միայն այդ փաստով Միացյալ Նահանգները ցույց է տալիս, որ բավական հաստատվել է Կովկասում, եւ այն վերածվում է արդեն իր ավանդական հետաքրքրությունների տարածաշրջանի, որտեղ արդեն ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ ԱՄՆ կարող է իրեն զգալ ինչպես տանը: Այդ տեսանկյունից, ԱՄՆ համար ներկայում ամենակարեւոր երկիրը Հարավային Կովկասում դառնում է Հայաստանը: Ընդ որում, դրա պատճառը միայն այն չէ, որ Կովկասում Ռուսաստանի հետ բոլոր հարթություններում մրցակցությունը ԱՄՆ գրեթե շահել է, եւ մնացել է միայն մրցակցությունը Հայաստանում: Բանն այն է, որ գերիշխանությունը ենթադրում է արժեքային, եւ այդ արժեքների վրա հիմնված ինստիտուցիոնալ խարիսխ: Դա է լինելու Հարավային Կովկասում մրցակցության շարունակականության գրավականը ԱՄՆ համար: Իսկ այդ արժեքային եւ դրա վրա հիմնված ինստիտուցիոնալ խարիսխը ինքնին բավարար չէ արդյունավետության համար: Անհրաժեշտ է, որ այդ խարիսխը գցվի ստեղծագործական լուրջ պոտենցիալ ունեցող միջավայրում: Այդ տեսակետից, ԱՄՆ թերեւս վաղուց է արձանագրել, որ Հարավային Կովկասում ստեղծագործական ամենալուրջ պոտենցիալն առկա է հենց Հայաստանում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: