Tuesday, June 5, 2012

Հրադադարի ստորագրումից հետո պատերազմի վերսկսման հավանականությունն այսօր առավելագույնն է. Ժիրայր Սեֆիլյան

Tert.am. 5-6-2012- «Հրադադարի ստորագրումից հետո պատերազմի վերսկսման հավանականությունն այսօր առավելագույնն է»,- Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը` ի պատասխան մեր այն հարցի, թե արդյ՞ոք վերջին շրջանում սահմանային լարվածությունը կարող է բերել ավելի լայն զինված բախման կամ պատերազմի վերսկսման։ Մեր խնդրանքով անդրադառնալով նախորդ գիշեր Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղի ունեցած սահմանային միջադեպի և Հիլարի Քլինթոնի հայաստանյան այցելության հնարավոր կապին` Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Վերջերս նման կարգի բարձրաստիճան անձերի այցելությունների կամ տարածաշրջանային նշանակություն ունեցող գագաթնաժողովների նախաշեմին մահվան ելքով սահմանային միջադեպերի քանակն ավելացել է, ինչը կարող է մեզ հուշել, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից կա հրահանգավորում իր զինված ուժերի հրամկազմին նման ռազմական օպերացիաներ իրականացնելու համար»: Ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող բանակցությունների շուրջ հնարավոր զարգացումների մասին Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ այսօր չնայած տարածաշրջանային զարգացումները Հայաստանին շահեկան վիճակում են դնում, սակայն գործող իշխանությունը ի չիք է դարձնում նաև այդ առավելությունը: «Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանային համատեքստը ներկայումս բնութագրվում է աճող լարվածությամբ, կապված Իրանի նկատմամբ Արևմուտքի որդեգրած կոշտ քաղաքականությամբ: Սակայն ԱՄՆ-ի, ինչպես նաև ողջ Արևմուտքի համար հասկանալի են հայ-իրանական հարաբերությունների հատուկ կարգավիճակը: Այս պայմաններում օբյեկտիվորեն մեծանում է Հայաստանի նշանակությունը, սակայն ասօրվա ապիկար, իր լեգիտիմությունը դրսով պայմանավորող կախյալ վարչախմբի սուբյեկտիվ գործոնը ի չիք է դարձնում նշված առավելությունը և Հայաստանը դնում է շատ խոցելի վիճակում»,- ընդգծեց «Սարդարապատ» շարժման ղեկավարը:

No comments: