Wednesday, June 20, 2012

ՀՀԿ-ԲՀԿ. մարտ առանց կանոնների

«Լրագիր» 19-6-2012- Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցությունը որոշել է դեմ քվեարկել կառավարության ծրագրին, որը հունիսի 20-ին ներկայացվելու է ԱԺ արտահերթ նիստին: ԲՀԿ որոշումը թերեւս անակնկալ չէ: ԲՀԿ-ն հազիվ թե կառավարության ծրագրի վերաբերյալ այլ որոշում կայացներ Վարդան Օսկանյանի “գործի” պարագայում, ինչպես նաեւ այն խոսակցություններից հետո, որ եղան ԱԺ նախագահի ընտրության հետ կապված, երբ Բարգավաճ Հայաստանը կողմ քվեարկեց ՀՀԿ-ի առաջադրած Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը: Մյուս կողմից, Հովիկ Աբրահամյանի եւ ԲՀԿ-ի կապերը հայտնի են, հայտնի են նաեւ Աբրահամյանի եւ Տիգրան Սարգսյանի հակասությունները, ու նաեւ այդ իմաստով զարմանալի չէ, որ ԲՀԿ-ն դեմ կքվեարկի Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրին: Դա անշուշտ չի նշանակում, որ ծրագիրը կտապալվի: ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ն ունեն բավարար թվով ձայներ՝ կառավարության ծրագիրն անցկացնելու համար: Խնդիրn այստեղ այն է, որ Բարգավաճ Հայաստանը դրան դեմ քվեարկելու միջոցով որոշակիորեն հերթական անգամ վերհաստատվելու է ընդդիմադիր դաշտում եւ այդպիսով ինչ որ իմաստով կամ ստվերելու է մյուս ընդդիմադիր խմբակցությունների դեմ լինելը, կամ էլ դառնալու է նրանց «դեմ»-ի առաջնորդը: Միեւնույն ժամանակ, իրավիճակը հետաքրքրական է նրանով, որ ԲՀԿ-ն կառավարությունում ունի նախարար՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը, որն իհարկե դե յուրե դադարեցրել է անդամությունը ԲՀԿ-ին, բայց հայտարարել, թե եթե Գագիկ Ծառուկյանը դժգոհ լինի իր աշխատանքից, ապա ինքը հրաժարական կտա: Փաստորեն, կառավարության անդամը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը իր աշխատանքի գնահատման իրավունքը ոչ թե վարչապետին կամ նախագահին, այլ ԲՀԿ նախագահին է տալիս, ինչով ասվում է ամեն ինչ, եւ ինքը հերթական անգամ թերեւս հավաստում է, որ Բարգավաճ Հայաստանը խորհրդարանում համակարգային ընդդիմություն է, այսինքն ընդդիմություն է իշխող համակարգի տրամաբանության ներքո: Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն փորձ են անում հարաբերվել խաղի բոլորովին այլ կանոններով, քան Հայաստանում ընդունված իշխանություն-ընդդիմություն ավանդական պատկերացումները: Կանոնների նոր համակարգը թերեւս մշակված չէ, ու կողմերը երեւի թե լավ են հասկանում, որ այդ համակարգը կանխորոշելու է 2017-18 թվականի ընտրական փուլը, հետեւաբար երկուստեք խնդիր կա թելադրել հնարավորինս շահեկան կանոններ: ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի ներկայիս փոխհարաբերությունը, երբ մի կողմից ԲՀԿ-ն կարող է դե ֆակտո պորտֆել ստանալ, մյուս կողմից Վարդան Օսկանյանի դեմ կարող է գործ հարուցվել, թերեւս կանոնների համար պայքարի դրսեւորում է, ու երեւի թե պատահական չէ, որ այդ դրսեւորումը ներկայում աչքի է ընկնում անկանոնությամբ կամ հիշեցնում մարտ առանց կանոնների: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: