Monday, June 4, 2012

Թուրքերն անհանգստացած են ֆրանսիացի հայամետ պատգամավորի վերընտրվելուց

Panorama.am. 4-6-2012- Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած «Ժողովրդական շարժման միություն» (ԺՇՄ-UMP) կուսակցությունը ներկայացնող, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը Մարսելի ընտրատարածքից կրկին առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու: Այս մասին տեղեկացնող թուրքական «Sondakika» լրատվական կայքն ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ Բոյերի նախընտրական քարոզարշավին ակտիվ մասնակցություն ու աջակցություն է ցուցաբերում ֆրանսահայ ականավոր քաղաքական և պետական գործիչ, տնտեսական զարգացման նախկին նախարար, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը: Թուրքական լրատվամիջոցի բնորոշմամբ` Դևեջյանը Ֆրանսիայի քաղաքական կյանքի վրա մեծ ազդեցություն ունեցող մարդկանցից է: Իսկ նրա կողմից Բոյերի թեկնածության սատարումն Անկարային անհանգստանցում է այն իմաստով, որ ընտրվելուց հետո Բոյերի օրենսդրական գործունեությունը նորից ուղղված է լինելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Մասելցիների հետ կայացած նախընտրական հանդիպման ժամանակ Վալերի Բոյերը հայտարարել է, որ պայքարը դեռ չի ավարտվել, թեև Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը մերժել էր իր հեղինակած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, բայց ինքը շարունակելու է կարճ ժամանակում համանման մի օրինագիծ ներկայացնել խորհրդարանի օրակարգ:

No comments: