1in.am. 2-6-2012- Իրանի միջուկային օբյեկտների վրա կիբերհարձակումների հետևում կանգնած են ամերիկյան և իսրայելական հատուկ ծառայությունները: «Ստակսնետ» անունը ստացած բարդ վիրուսի միջոցով նրանք ներթափանցում են համակարգչի մեջ: Այս մասին այսօր հաղորդել է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ–ի և Իսրայելի հետախուզական համայնքի անանուն ներկայացուցչին: Ինչպես նշում է հրատարակությունը, 2007 թվականին այդ երկրների հատուկ ծառայությունները մշակել էին բարդ համակարգչային վիրուս, որն ունակ է շարքից հանել ուրանի հարստացման ցենտրիֆուգերի կառավարման համակարգը: Հաջող թեստերից հետո որոշում էր կայացվել այն օգտագործել Իրանի դեմ: Հաջորդ տարի հատուկ ծառայության գործակալներին հաջողվեց ստեղծված վիրուսը տեղափոխել «Նաթանզ» իրանական միջուկային կենտրոնի համակարգիչներ: «Այնտեղի մի շարք ցենտրիֆուգներ սկսեցին դուրս գալ շարքից: Իրանական մասնագետները շփոթմունքի մեջ էին, քանի որ անսարքություններն ամեն մի դեպքում տարբեր էին, ինչը նախատեսված էր վիրուսվ»,- գրում է New York Times-ը: Հրատարակության տվյալներով՝ Սպիտակ տունը լքելիս նախագահ Ջորջ Բուշը Բարաք Օբամային խորհուրդ է տվել շարունակել այդ գաղտնի ծրագրի իրագործումը, քանի որ այն տեսանելի հաջողություններ է ունեցել, սակայն դեռ չի հասցրել զանգվածային հարված հասցնել Իրանի միջուկային ծրագրին: ԱՄՆ ներկայիս նախագահը հետևել է այդ խորհրդին և կարգադրել շարունակել կիբերհարձակումները: Սակայն 2010 թվականի ամռանը ԱՄՆ համակարգչային մասնագետները նկատեցին, որ վիրուսը «Նաթանզ» կենտրոնից տեղափոխվել է աշխատակիցներից մեկի տան համակարգչի մեջ և ի վերջո տարածվել համացանցում: Վերլուծելով վնասակար ծրագրի կառուցվածքն՝ անկախ համակարգչային մասնագետներն անմիջապես հաստատեցին, որ վիրուսի մշակմանը մասնակցել են կառավարական հատուկ ծառայությունները, քանի որ վիրուսն ուներ բարդ կառուցվածք: ԱՄՆ իշխանություններն «Օլիմպիական խաղեր» գաղտնի ծրագիրը, որը մինչ այժմ գործում է, հաջողված են համարում: Նրանց գնահատականով՝ այն Թեհրանին 1.5-2 տարով հետ է գցել միջուկային ռումբ պատրաստելուց:
Saturday, June 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment