Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ավելի ու ավելի է նմանվում, ինչպես նպատակների, այնպես էլ մոտեցումների մասով, քանի որ երկու պետություններն էլ միջազգային հարաբերություններում մոտենում են նույն կարգավիճակին, այսինքն՝ դառնում են տարածաշրջանային մակրոտերություններ: Իհարկե, Ռուսաստանը շարունակում է պնդել իր առավելությունը Թուրքիայի հանդեպ, եւ կարեւոր պատճառներից մեկը, որ ներկայում ռուս-թուրքական հարաբերությունները առավել սերտ բնույթ չեն ստանում, այն է, որ Ռուսաստանը Թուրքիային չի ընդունում որպես իրեն հավասար տերություն: Իսկապես, Ռուսաստանն ունի էական առավելություններ ռազմական ու տնտեսական ոլորտներում, ինչպես նաեւ աշխարհի առաջատար երկրների առաջին շարքում ունեցած դիրքով: Սակայն, Թուրքիան բուն Ռուսաստանում տիրապետում է լծակների ու դիրքերի, հատկապես շատ տարածաշրջաններում, ինչը Ռուսաստանը չունի Թուրքիայում: Միաժամանակ, Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ ավելի ու ավելի են մեծանում հակասությունները տարածաշրջանային խնդիրների մասով, ընդ որում, արդեն ոչ միայն Սեւծովյան-կովկասյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, այլեւ Մերձավոր Արեւելքում եւ մասամբ Բալկաններում: Հատկանշական է, որ հայ-ադրբեջանական խնդիրների շրջանակներում Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքականությունը դառնում է հայելային, ոչ միայն ամբողջության մեջ, այլեւ առանձին իրադարձությունների ու քայլերի մասով: Թուրքիան ներգրավված է Մերձավոր Արեւելքի իրադարձություններում, ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ արտաքին, ոչ մի կերպ չի կարողանում անհրաժեշտ ուշադրություն դարձնել Կովկասին, առավել եւս, որ այստեղ նրան սպասվում է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԱՄՆ դիմադրությունը: Նման կերպ, Ռուսաստանը նույնպես չի փորձում ճեղքել եւ արագացնել կովկասյան ուղղությամբ իր էքսպանսիան: Այնուամենայնիվ, Ադրբեջանն ավելի ու ավելի համոզիչ դառնում է Թուրքիայի արտաքին քաղաքականության կարեւոր ռեզերվներից մեկը: Ադրբեջանն ավելի հարմար է որպես ռեզերվ, քան որպես գործընկեր, որի ակտուալ խնդիրները պետք է ստիպված լուծել լիովին ոչ ձեռնտու իրավիճակում: Հասկանալով, որ եթե նույնիսկ հարկադրված լինի սահմանափակել կամ դադարեցնել սեփական հավակնոտ ծրագրերը Մերձավոր Արեւելքում, Թուրքիան չի կարող անհրաժեշտ չափով ծավալել սեփական քաղաքականությունը եւ էականորեն ուժեղացնել դիրքերը Սեւ ծովում եւ Կովկասում: Այնուամենայնիվ, Թուրքիան փորձում է այս տարածաշրջաններում կիրառել այլ մոտեցումներ եւ ոճ: Թուրքիան փորձում է Հարավային Կովկասում պահպանել լարվածությունը եւ նույնիսկ պատերազմական սահմանային իրավիճակը, հնարավոր է՝ ստեղծել իրավիճակ, որը կպահանջեր ՆԱՏՕ-ի, այդ թվում եւ իր, ուղղակի ռազմական միջամտություն: Ներկայում դժվար է ասել, թե ինչ չափով են Թուրքիայի տվյալ նպատակները համաձայնեցված ԱՄՆ հետ, սակայն, ամենայն հավանականությամբ, ամերիկացիները չէին ցանկանա այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, Թուրքիային ունենալ որպես գործընկեր, առավել եւս՝ ռազմական տեսակետից: Դժվար է ենթադրել, թե Ռուսաստանը շահագրգռված կլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լայնածավալ ռազմական գործողություններով եւ այդ իրադարձությանը ՆԱՏՕ-ի միջամտությամբ: Միեւնույն ժամանակ, Հարավային Կովկասում բավական բարձր լարվածությունը բավական բարենպաստ է Ռուսաստանի համար, քանի որ դա «հաստատում» է նրա ռազմական ներկայության լեգիտիմությունը: Այսինքն, տվյալ մարտավարական քաղաքականության մասով Ռուսաստանն ու Թուրքիան ցուցադրում են նմանատիպ շահեր: Պատերազմի դեպքում, Թուրքիան վաղուց ենթադրում է սեփական նշանակության եւ առավել կարեւոր դերի ուժեղացում, որպես պետություն, որն ընդունակ է ազդել պատերազմի սկսման, ընթացքի եւ դադարեցման վրա, այսինքն՝ ռեգիոնալ դիրիժորի դերակատարում: Չի կարելի ժխտել այն, որ Ռուսաստանը նույնպես կցանկանար նման դեր խաղալ, եւ դա նույնիսկ ավելի քան օրինաչափ է, քանի որ որեւէ այլ դիրքորոշում կնշանակեր զիջումներ Թուրքիային: Գործնականում, նման բան կար ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, երբ Ռուսաստանը փորձում էր սահմանափակել ղարաբաղյան զորքերի հարձակողական գործողությունները, իսկ Թուրքիան սպառնում էր պատերազմով: Այն ժամանակ, ինչպես խոստովանել էր ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Բրենթ Սքրոուֆթը, ամերիկացիները թուրքերին նկատելիորեն վախեցրել էին ռուսական հրթիռներով: Երեւում է, այս անգամ էլ ամերիկացիները կնախընտրեն նույն մարտավարությունը, սակայն որքանո՞վ այն կաշխատի այս անգամ: Ամեն դեպքում, Ռուսաստանը, Ադրբեջանին զինելով մինչեւ ատամները, կձգտի Թուրքիային ու Արեւմուտքին ցույց տալ, որ ի վիճակի է մանիպուլյացիաներ անել հայկական զորքերով, եւ կանգնեցնել Ադրբեջանի լիակատար պարտությունը: Դրանով Ռուսաստանը կփորձի ցույց տալ իրավիճակը վերահսկելու հարցում սեփական հնարավորությունները, եւ զուգահեռ պայմանավորվել Թուրքիայի հետ, հերթական անգամ: Ռուսաստանից, ինչպես միշտ, պետք է սպասել «դաշույնով հարված թիկունքից»: Պետք է անհրաժեշտ եզրակացություններ անել եւ ապագա պատերազմում օգտվել այն առավելություններից, որոնք Հայաստանն ունի ներկայում, եւ որոնք կարող են կորսվել պատերազմի երկրորդ փուլում Ռուսաստանի դիրքորոշման արդյունքում: Իգոր Մուրադյան
Wednesday, July 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment