Saturday, July 7, 2012

ԱՄՆ փաստաբանների հայկական կոլեգիան դատապարտել է Վահե Ավետյանի ապանությունը

News.am. 7-7-2012- ԱՄՆ փաստաբանների հայկական կոլեգիան ուշադիր հետեւում է իրադարձություններին` կապված Երեւանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության հետ: Ինչպես հաղորդում է «Asbarez»-ը, փաստաբանների հայկական կոլեգիան հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Մենք կոչ ենք անում իշխանություններին երաշխավորել, որպեսզի հանցագործության հետ առնչություն ունեցող որեւէ մեկը բարձր չլինի օրենքից: Բոլոր նրանք, որոնց նկատմամբ կասկածելու բավարար հիմքեր կան բժիշկ Ավետյանի սպանությանը հանգեցրած դաժան գործողություններին մասնակցելու եւ աջակցելու մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվեն եւ դատարանում պատասխան տան Հայաստանի ժողովրդի առջեւ: Մենք վճռականորեն դատապարտում ենք բոլոր նախորդ միջադեպերը, որոնցում արհամարհվել են Հայաստանի քաղաքացիների մարդկային եւ քաղաքացիական իրավունքները: Նրանք, ովքեր արմատացել են Հայաստանի իշխանական կառույցում, չպետք է իրենց անամոթ եւ լկտիաբար պահեն, կարծես օրենքի երկար ձեռքը չի կարող հասնել իրենց: Օրենքի գերակայությունն ու հարգանքն օրենքի նկատմամբ արհամարհվում է նրանց կողմից, ովքեր օգտվում են ամենաթողության մշակույթից: Հայաստանն ու նրա ժողովուրդն իրավունք ունի եւ արժանի է սոցիալական, տնտեսական եւ քաղաքական արժանապատիվ մշակույթի եւ օրինականության: Բժիշկ Վահե Ավետյանի մահը պետք է վերջին կաթիլը լինի բոլոր նրանց համար, ովքեր ոտնահարում եւ անտեսում են օրենքները, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր հենվում են մարդու հիմնական իրավունքների կոնցեպցիայի վրա` անկախ հանցագործի կոչումից եւ կարգավիճակից Հայաստանի Հանրապետութան հիերարխիայում»:

No comments: