Saturday, July 7, 2012

Քաղաքական կոռուպցիան

1in.am. 7-7-2012- Եվրամիության իրականացրած հարցման համաձայն` Վրաստանի քաղաքացիների 99 տոկոսը այդ երկրում չի բախվել կաշառքով հարց լուծելու անհրաժեշտությանը, իսկ 77 տոկոսը բարձր է գնահատում կոռուպցիայի դեմ պայքարը Վրաստանում: Հարցումը պարզել է նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից Վրաստանն առաջատար է Եվրոպայում: Եթե փորձենք այս մասով հարցում կամ ուսումնասիրություն կատարել Հայաստանում, ապա կարծում ենք` քչերն են կասկածում, որ կստացվի ուղղակի խայտառակ պատկեր: Կոռուպցիայի դեմ Հայաստանում իշխանությունը պայքարում է միայն խոսքով, այն դեպքում, երբ հենց անմիջական հարևան Վրաստանում շատ կարճ ժամանակահատվածում այնպիսի գործ արվեց, որ այդ երկիրը որոշ ցուցանիշներով նույնիսկ եվրոպական երկրներն է շրջանցել: Ինչու ենք բերում Վրաստանի օրինակը: Որովհետև այն անմիջապես մեր հարևանն է, որովհետև Վրաստանն էլ հետխորհրդային երկիր է, որովհետև Վրաստանի հասարակությունն առավել զարգացած, առավել իրավագիտակից, առավել առաջադեմ չէր, քան Հայաստանի հասարակությունը, որովհետև Վրաստանը պակաս թաղված չէր հնադարյա կոռուպցիայի մեջ, ինչքան Հայաստանը: Պարզապես առաջադեմ էր Վրաստանի ղեկավարությունը, և Միխեիլ Սաակաշվիլիին հնարավոր եղավ իր առաջադիմությամբ կարճ ժամանակում էական փոփոխություններ կատարել երկրում: Մի քանի տարի, և Վրաստանը լիովին կերպարանափոխվել է և այսօր էլ շարունակում է փոխվել հսկայական քայլերով: Եվ երբ այս ամենի հետ համեմատում ենք Հայաստանը, ուղղակի տխուր պատկեր է ստացվում, որովհետև Հայաստանը ետ է մնում ահռելիորեն: Ունենալով առաջադիմության ամենամեծ պոտենցիալը` Հայաստանը այդ տեսանկյունից ետ է մնում Վրաստանից, իսկ տնտեսական առումով էլ ետ է մնում Ադրբեջանից: Եվ այստեղ ետ մնալն ընդամենը մեղմ արտահայտություն է, որովհետև եթե այդ երկրները առաջ են գնում, ապա մենք ոչ միայն տեղում ենք մնում կամ դանդաղ ենք գնում առաջ, այլ նույնիսկ թավագլոր ետ ենք գնում: Ահա սա է նաև ամենամեծ խնդիրը, որ ակնհայտ է դառնում անմիջական հարևան Վրաստանի հետ համեմատվելիս: Մինչդեռ մարդկային պոտենցիալի առումով Հայաստանի Հանրապետությունը 1980-ականների վերջի համազգային շարժման, ինչպես նաև հետագայում անհավասար պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ ապացուցել է, որ Հարավային Կովկասում անվիճելի առաջատար է: Պարզապես այդ ամենը կարող է բացվել միայն կոռուպցիայի և կաշառակերության բացակայության պարագայում: Մինչդեռ այդ երևույթները Հայաստանում խորացել ու ինստիտուցիոնալ են դարձել` սերտաճելով նաև օլիգարխիայի ինստիտուտի հետ և դառնալով պարզապես քաղցկեղային ուռուցք Հայաստանի պետական օրգանիզմում: Դրանք պետք է արմատախիլ արվեն, սակայն Հայաստանում չկա դրան պատրաստ համարձակ և պատասխանատու քաղաքական ուժ` այն պարզ պատճառով, որ Հայաստանում կոռուպցիայի, կաշառակերության և կաշառատվության գործընթացում լայնորեն ներգրավված է նաև քաղաքական դաշտը, ինչը գրեթե զրոյացնում է իրավիճակի այն փոփոխությունների հավանականությունը, որ մենք տեսնում ենք Վրաստանում:

No comments: