«Ազգ» օրաթերթ, 26.07.2012: - Անցած ուսումնական տարում Վրաստանի կրթության նախարարությունը մի նոր «անակնկալ» մատուցեց հայոց դպրոցներին: Գրչի մեկ հարվածով տարրական դասարաններում կրճատվեցին հայերենի դասաժամերը: Եթե մինչ այդ վրացերենի համար շաբաթական նախատեսված էր երեք ժամ, հիմա` վեց ժամ: Իսկ հայերենին հատկացված վեց ժամը «իջեցվել է» մեկ ժամով: Այսինքն` հայերենի դասաժամերը պակասեցվել են: Թեեւ Վրաստանի կրթության նախարարը պնդում է, թե վրացերենի դասաժամերը հայերենի հաշվին չեն ավելացվել, բայց փաստը մնում է փաստ, որ այդպես է: Ստացվում է, որ ջավախահայությունը կամաց-կամաց (հատկապես մատաղ սերունդը) հեռանում է իր արմատներից: Եթե այդպես չէ, ինչո՞ւ նույնիսկ մանկապարտեզներում վրացերեն են ուսուցանում, այն դեպքում, երբ մսուր-մանկապարտեզի թոթովախոս երեխան դեռ մայրենիով է դժվարանում բարբառել: Բայց դա չարյաց փոքրագույնն է, որովհետեւ արդեն 5-6 տարի արգելված է հայերեն դասագրքերի մուտքը Ջավախք, էլ չենք ասում` թերթերը: Այդ նույն նախարարը ջավախահայերի սիրտը շահելու կամ աչքերին թոզ փչելու համար խոստացել էր, թե 2011-2012 ուսումնական տարում հայերենի դասաժամերի քանակը ոչ թե կմնա նախկինը, այլ կավելացվի` հասնելով շաբաթական 7-8 ժամի: Իհարկե, նման «հրաշք» տեղի չունեցավ, բայց ուրիշ «հրաշքներ» ու «անակնկալներ»` որքան ուզեք: Նման խնդիրների եւ մտահոգությունների շուրջը զրուցեցինք Ախալքալաքի Դ. Դեմիրճյանի անվան հայկական հանրակրթական դպրոցի մայրենի լեզվի եւ գրականության երկարամյա ուսուցիչ (այժմ արդեն թոշակառու), վաստակաշատ մանկավարժ Վաչագան Ռստակյանի հետ, ով 50 տարվա կենսափորձ ունի: Այսօր նա համալրել է գործազուրկների շարքերը, որովհետեւ փորձ է արել վերոնշյալ հիմնահարցերին առարկել: Մինչ մեր զրույցին անցնելը ասենք, որ Ջավախքում «սեւ» ցուցակի մեջ ոչ միայն նա է հայտնվել, այլեւ ուրիշ շատերը, ովքեր համարձակվում են խոսել իրենց հուզող խնդիրներից` լինի կրթական, մշակութային, հոգեւոր, ինչու չէ, նաեւ քաղաքական: Ցավալի է, որ Վ. Ռստակյանի ճակատագրին են արժանացել երկու տասնյակ մանկավարժներ: Նման «ջարդը» շարունակվում է անմիտ կերպով: Խոսքը տանք պարոն Ռստակյանին: - Ցավով պիտի նշեմ, որ հայկական դպրոցների համար նախատեսված դասագրքերը կազմվում են Թբիլիսիում,- ասում է Վ. Ռստակյանը,- էլ չեմ ասում` ծրագրերի, մեթոդական ձեռնարկների, դիտակտիկ պարագաների մասին: Այդ դասագրքերը, լինի մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, երկրաչափություն, հեղեղված են այնպիսի տերմիններով, որոնք անհարիր են, անընդունելի հայ երեխայի հոգուն, մտքին, միջավայրին, կենցաղին: Այդ ամենը միտումնավոր է արվում, որպեսզի հայ երեխան ներքաշվի վրացական միջավայր: Վրաստանի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը այն է, որ հատկապես մատաղ սերնդին բռնի կերպով սովորեցնեն վրացերեն: Ոչ ոք դեմ չէ, որ տիրապետենք երկրի պետական լեզվին, բայց դա չպիտի արվի պարտադրաբար եւ մայրենի լեզվի հաշվին: Այսպես, Վրաստանի օրենսդրությունը այնպիսին է, որ դե յուրե արդեն հայոց դպրոց հասկացությունը գոյություն չունի, որովհետեւ կրթության օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ Վրաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդման լեզուն վրացերենն է: Նշանակում է` նրանք կամաց-կամաց փորձում են դասավանդվող առարկաները (երեւի բացառությամբ մայրենի լեզվի եւ գրականության) վրացականացնել: Էլ չենք խոսում հայոց պատմություն առարկայի մասին, որը հանվեց նաեւ արտաժամյա պարապմունքների ծրագրերից: Վերադառնալով դասագրքերին` ասեմ, որ քանիցս առաջարկություն է եղել` թեկուզեւ Թբիլիսիում դրանք կազմվեն-տպագրվեն, բայց գոնե համատեղ` հայ եւ վրացի մասնագետների համաձայնությամբ: Եվ եթե մայր հայրենիքը տարիներ շարունակ Վրաստանի հայկական դպրոցների համար անհրաժեշտ քանակությամբ դասագրքերը անվճար էր տրամադրում, հիմա այդ նույն Թբիլիսիից հրամցվող յուրաքանչյուր դասագրքի արժեքը կազմում է 3-4 հազար դրամ: 2011 թվականի օգոստոսին Ջավախք այցելեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Մենք մեծ հույսեր էինք կապում այդ այցի հետ: Եղան հանդիպում, զրույց, առաջարկություններ որոշ կնճռոտ հարցերի վերաբերյալ: Անցել է գրեթե մի տարի, եւ ոչ մի դրական տեղաշարժ չի նկատվում: ... Արդեն պատմության գիրկն են անցել ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: Եթե դրանք նույնիսկ արվում են, ապա` ձեւականորեն: Դպրոցների մանկավարժների գերակշիռ մասը միջին տարիքի են կամ տարեցներ: Երիտասարդ մասնագետների հոսքը դեպի դպրոց հավասար է զրոյի, որովհետեւ Երեւանում բարձրագույն մանկավարժական կրթություն ստացած երիտասարդը դժվար թե վերադառնա ծննդավայր, նման պայմաններում չի աշխատի, քանի որ վրաց լեզվի ուսուցիչները, որ հիմնականում դրսից են, տասնապատիկ ավելի աշխատավարձ են ստանում եւ այլեւայլ արտոնություններից օգտվում: Լռում են տեղական իշխանությունները, ժողովուրդը, որովհետեւ վախի մթնոլորտ է, որովհետեւ իրավունքներից խոսելը թանկ կնստի նրանց վրա... Լռում է նաեւ Հայաստանը... Գրի առավ՝ ՌԱԶՄԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Thursday, July 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment