Tuesday, July 3, 2012

Ադրբեջանի տնտեսությունը մտնում է ճգնաժամային փուլ

News.am. 3-7-2012- Հունվար-մայիսին Ադրբեջանի արդյունաբերությունն արձանագրել է 2.9% անկում: Այդ մասին
տեղեկացնում է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն: Ընդ որում` Ադրբեջանի տնտեսության առանցքային ճյուղ համարվող նավթային ոլորտում անկումը 5.1% է: Նշենք, որ Ադրբեջանի ՀՆԱ աճը 2012 թ. առաջին եռամսյակի տվյալներով, ըստ ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի, ընդամենը 0.3 % է, ինչը ԱՊՀ-ում ամենացածր ցուցանիշն է: 2012 թ. հունվար-մայիսին Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 7.5%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդհանուր առմամբ` արդյունահանվել է 18.5 մլն տոննա նավթ: Սա այն դեպքում, երբ 2011 թ. նույնպես գրանցվել էր նավթի արդյունահանման անկում 10.8%-ով (2011 թ. արդյունահանվել է 45.4 մլն տոննա նավթ): Նվազել է նաեւ նավթի արտահանումը Ադրբեջանից: 2011 թ. հում նավթի արտահանումը կազմել է 37.45 մլն տոննա` 12.2%-ով պակաս 2010 թ. ցուցանիշից: Նավթամթերքների արտահանումը եւս նվազել է` 11.7%-ով եւ կազմել 1.9 մլն տոննա: Նվազում արձանագրվել է ոչ միայն նավթային, այլեւ այլ ոլորտներում: Այսպես` ոսկու արդյունահանումը նվազել է 32%-ով, արծաթինը` 50%-ով: Պատահական չէ, որ Համաշխարհային բանկի վերջին` «Համաշխարհային տնտեսության հեռանկարները, հունիս 2012» զեկույցում Ադրբեջանը դասվել է այն երկրների շարքին, որտեղ տնտեսական իրավիճակը վատթարանալու է:

No comments: