«Լրագիր» 26-7-2012- Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պատասխանը ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին՝ Բուռնաշին, վառ օրինակ է այն բանի, որ նախորդ տասնամյակում ձեւավորված քրեաօլիգարխիկ համակարգը փլուզվում է: Այդ համակարգը հիմնված է «պանյատկաների», ստվերային պայմանավորվածությունների ու քվոտաների վրա: Վաղուց արդեն նախկին պայմանավորվածությունները չեն գործում, իսկ նոր պայմանավորվածությունների հնարավոր չէ գալ: Այդ են վկայում քրեաօլիգարխիկ համակարգի երկու հենասյուների՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հարաբերությունները, իրար հետեւից համակարգի «դինոզավրերի» անկումները: Ընդ որում, պայմանավորվածությունները չեն ստացվում ոչ այն պատճառով, որ չեն ցանկանում պայմանավորվել եւ շարունակել այնպես, ինչպես նախորդ տասնամյակում: Սրա պատճառն այն է, որ առաջացել են ներքին ու արտաքին քաղաքական ու տնտեսական նոր իրավիճակներ, իսկ համակարգն ի վիճակի չէ ընկալել այս նոր իրողությունները եւ համարժեք չէ դրանց: Դա հատկապես դրսեւորվեց խորհրդարանի անցած ընտրությանը, որը շատերը գնահատեցին որպես համակարգի վերարտադրություն: Հենց այդտեղ դրսեւորվեց համակարգի ոչ համարժեքությունը՝ կրկին ուզուրպացնելով խորհրդարանը, այն հայտնվեց ծուղակում, որից արդեն հնարավոր չէ դուրս պրծնել: Բազմիցս անդրադարձել ենք այս հարցին, որ խորհրդարանի ընտրությունը նախանշելու է համակարգի վերջը: Նշել ենք, որ Հայաստանի վերաբերյալ կիրառվում են բավական նուրբ եւ բարդ տեխնոլոգիաներ, որոնք հանգեցնելու են երկրում հաստատված համակարգի ապամոնտաժմանը: Թվում էր, այս իրավիճակը կհասկացվեր, եւ համակարգի ներկայացուցիչները կամովին կհեռանային ասպարեզից, այդպիսով լուծելով իրենց անվտանգության եւ սեփականությունը պահպանելու հարցերը: Սակայն, հետեւելով այս խմբավորումների ջանքերին ու վատնած ռեսուրսներին՝ կրկին խորհրդարանում հայտնվելու նպատակով, այնպիսի տպավորություն էր, կարծես նրանց նույնիսկ ինչ որ մեկը մղում էր դրան: Մանավանդ որ, մինչ խորհրդարանի ընտրությունը, քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները հրապարակավ հայտարարում էին, թե չեն մնալու քաղաքականության մեջ: Մյուս կողմից, լավ է, որ նրանց մղել են այդ քայլին, մոտեցնելով համակարգի կործանումը: Դա բխում է միմիայն հասարակության շահերից: Իսկ մնացյալը, ինչ կատարվում է այսօր, ընդամենը համակարգի հոգեվարքն է, եւ ոչ մի առնչություն չունի հասարակության իրական խնդիրների հետ: Գիծն արդեն քաշվել է՝ այն կողմում հոգեվարք ապրող համակարգն է իր հհկ-ներով, բհկ-ներով ու կոնգրեսներով, իսկ այս կողմում՝ իր իրավունքներն ու երկրի առջեւ իր պատասխանատվությունը գիտակցող քաղաքացիները, որոնք այլեւս կուսակցությունների անվան տակ գործող հանցավոր խմբավորումներին թույլ չեն տալու ուզուրպացնել երկրի քաղաքական ու տնտեսական ռեսուրսը: Հայկ Արամյան
Thursday, July 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment