Saturday, August 25, 2012

«Լոս Անջելես Թայմզ». Իրանի հետ Եգիպտոսի մտերմությունն ԱՄՆ-ի համար գլխացավանք է դարձել

Panorama.am/. 24-8-2012- Իրանի հետ Եգիպտոսի մտերմությունն ԱՄՆ-ի համար գլխացավանք է դարձել: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան «Լոս Անջելես Թայմզ» պարբերականին: Տեղեկատվության համաձայն՝ Վաշինգթոնի մերձավորարևելյան քաղաքականության վերլուծական կենտրոնի փորձագետ Դեյվիդ Շենքերն իր վերլուծական հոդվածում գրում է, որ Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամմադ Մուրսին փորձում է նվազեցնել Իսրայելի հետ առկա հարաբերությունների մակարդակը: Ուստի այդ իրավիճակում Եգիպտոսին կարող են առաջկցել Իրանն ու Չինաստանը: Ամերիկացի փորձագետի կարծիքով՝ ավելի քան 30 տարի դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից հետո Թեհրանի և Կահիրեի հարաբերությունների ջերմացումը Մոհամմադ Մուրսիի վարած արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է, որն ԱՄՆ-ի համար գլխացավանք է դարձել: Հիշեցնենք, որ օրերս Եգիպտոսի նախագահ Մոհամմադ Մուրսիին մոտ կանգնած «Ալ-շարղ ալ-ուասաթ» պարբերականը հայտնել էր, որ Մուրսին Չինաստան կատարելիք այցից հետո կնեկնի Իրան՝ մասնակցելու Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովին: Նշենք, որ Իրանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979թ., երբ Եգիպտոսի և Իսրայելի միջև ստորագրվեց Քեմփ-Դևիդի խաղաղության համաձայնագիրը: Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո Թեհրանի և Կահիրեի միջև հարաբարերությունների նոր էջ բացվեց. Կողմերը պատրաստակամություն հայտնեցին դեսպանություններ հիմնել, տեղի ունեցան պաշտոնական փոխայցելություններ: Եթե Մոհամմադ Մուրսին մեկնի Թեհրան, ապա նա կլինի Եգիպտոսի առաջին նախագահը, ով Իրանի իսլամական հեղափոխությունից հետո (33 տարի անց) պաշտոնական այց կկատարի Իրան:

No comments: