Saturday, August 25, 2012

«Վահեն թող այնտեղ չլիներ՝ չսպանվեր»

«Լրագիր» 25-8-2012- Հարսնաքարում ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության գործի քննության ընթացքը եւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ այդ ամենը հենց այդպես էլ ավարտվելու է: Փաստաբաններն ու լրագրողներն արդեն հիմնավոր տվյալներ են ներկայացրել, որ գործի նախաքննությունն ընթացել է օրենքի կոպիտ խախտումներով, եւ իրավապահ մարմինները՝ ՀՀ ոստիկանությունը եւ գլխավոր դատախազությունը, նախաքննության ողջ ընթացքում զբաղվել են սպանության հանգամանքները մեղմացնելով եւ Ռուբեն Հայրապետյանին ամեն կերպ քրեական գործից «կտրելով»: Փաստացի, պետական իրավապահ առանցքային երկու կառույց՝ ոստիկանությունն ու գլխավոր դատախազությունը, ծառայում են Ռուբեն Հայրապետյանին եւ նրա թիկնապահներին: Սրանում, ասենք, որեւէ տարօրինակ բան չկա. Հայաստանի իրավապահները միշտ էլ ծառայել են ոչ թե հասարակությանը, ինչպես սահմանված է Սահմանադրությամբ եւ օրենքներով, այլ Հայաստանի քրեաօլիգարխիկ-իշխանական խմբավորումներին: Չկա մի դեպք, երբ այս խմբավորումների որեւէ ներկայացուցիչ կամ նրանց մերձավորը համարժեք պատիժ կրի գործած հանցանքների, այդ թվում սպանությունների համար: Օրինակ, վերջերս էլ ազատ արձակվեց ՀՀԿ պատգամավոր Թոխմախի Մհերի ազգականը, որի անունը շրջանառվում է մի քանի սպանությունների համատեքստում: Ի դեպ, նրա համար երաշխավորողների մեջ եղել է մի դատախազ: Երբ կատարվեց Հարսնաքարի ողբերգությունը, շատերը կասկած հայտնեցին, որ գործը փորձելու են ամեն կերպ կոծկել: Սկզբում այդպես էլ եղավ, երբ գործը մեկ օրվա ընթացքում երեք գերատեսչություն «փոխեց»: Իրավապահ կառույցների ղեկավարները, խախտելով օրենքը, հայտարարություններ էին անում գործի վերաբերյալ: Սակայն, հասարակության բուռն բողոքի պայմաններում, փաստացի ընտրվեց կոծկելու այլ տարբերակ, այն, ինչ կատարվում է մինչ այժմ: Շատերը կասկած էին հայտնում նաեւ, որ սրտաճմլիկ հայտարարությունը, որ գրվել էր նախագահի աշխատակազմում եւ տարածվել Ռուբեն Հայրապետյանի անունից, որում նա զղջում էր կատարվածի համար եւ հայտարարում մանդատը վայր դնելու մասին, ընդամենը մարդկանց ուշադրությունը շեղելու համար է, եւ նա ոչ մի մանդատ էլ վայր չի դնի: Եւ ահա, մամուլում այսօր տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ավանում, որտեղից Հայրապետյանը դարձել է պատգամավոր, «հայտնի բանդաները» սկսել են ստորագրություններ հավաքել մարդկանցից, որոնցում Հայրապետյանին «ազգովի խնդրում են» վայր չդնել մանդատը: Բացի այդ, խորհրդարանը, որը կարող էր արտահերթ նիստով լուծել Հայրապետյանի մանդատի հարցը, այն հետաձգեց մինչեւ աշուն, ժամանակ շահելով Հայրապետյանի ու իրավապահների համար: Կարելի է չկասկածել, որ Հայրապետյանը մանդատը վայր չի դնի եւ նման մտադրություն չի էլ ունեցել: Մինչ խորհրդարանի ընտրությունն էլ նա բազմիցս հայտարարում էր, թե չի մասնակցելու դրանց, բայց առաջադրվել էր վերջին օրը: Կարելի է չկասկածել նաեւ, որ նրա թիկնապահներին էլ կդատեն այնպիսի հոդվածով, որ նրանք երկար չմնան բանտում: Այդպես եղել է նախկինում, եւ Հայրապետյանն ինչու պետք է բացառություն, «կռայնի» լինի: Իսկ Վահեի դեպքում էլ արդեն կա ու կա Նունե Եսայանի հրեշավոր ֆրազը՝ թող այնտեղ չլիներ, որ չսպանվեր: Հայկ Արամյան

No comments: