Tuesday, September 25, 2012

Իրանի վրա Իսրայելի հարձակման սպառնալիքն ուղղակի բլեֆ է. Ահմադինեժադ

Tert.am. 25-9-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ելույթ ունենալուց առաջ հարցազրույց է տվել մի շարք հեղինակավոր ամերիկյան լրատվամիջոցներին, որտեղ հայտարարել է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակման սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան պարզապես բլեֆ: Ինչպես նշում է բրիտանական The Telegraph-ը, նախագահը նաև ասել է, որ «Իսրայելը չափից ավելի աղմուկ է հանում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ»` այդ կերպ փորձելով քաջալերել Արևմուտքին կասեցնել Իրանի օրինական գիտական զարգացումը: Ահմադինեժադն ընդգծել է նաև, որ թեև ինքը պատրաստ է այդ թեմայով ԱՄՆ-ի հետ երկխոսություն սկսել, սակայն պատրաստ է նաև հարկ եղած դեպքում իր երկիրը պաշտպանել արտաքին վտանգներից: «Իրականում, մենք սիոնիստների սպառնալիքներին լուրջ չենք վերաբերվում»,-նշել է նախագահը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, իր հերթին, կոչ է արել Ահմադինեժադին զերծ մնալ ռազմաշունչ հայտարարություններից և միջազգային հանրությանն ապացուցել, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:

No comments: