«Լրագիր» 25-9-2012- Վրաստանի խորհրդարանի ընտրությանը կարծես թե խաղադրույքները բավական բարձր են: Նկատի ունենալով այն, որ Միխայիլ Սահակաշվիլին նախագահի հաջորդ ընտրությանը չունի առաջադրվելու իրավունք, խորհրդարանի ներկայիս ընտրությունն այդ երկրում փաստացի վերածվել է նախագահի ընտրության առաջին փուլի: Վրաստանի նախագահը փորձում է անել հնարավորը, որպեսզի խորհրդարանի ընտրությանը հաղթանակ տանեն իր հանդեպ լոյալ ուժերը, այսպիսով ստեղծելով նախագահի ընտրությանն իշխանության հարմար եւ շահեկան տարբերակով փոխանցելու քաղաքական լավ նախադրյալ, գուցե նաեւ հետագայում վարչապետ դառնալու ակնկալիքով: Առկա քաղաքական իրավիճակը թերեւս բավական խթանել է նաեւ Սահակաշվիլիի հակառակորդներին, գուցե ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին, մասնավորապես Մոսկվային: Ըստ երեւույթին, նրա հակառակորդների համար պահը դիտվում է ճակատագրական, որովհետեւ եթե իշխանության փոխանցման այդ փուլը չկարողանան օգտագործել Վրաստանի նախագահի հետ հաշիվները մաքրելու համար, ապա հետո արդեն հաջորդ այդպիսի իրավիճակը կարող է լինել միայն ութ տարի անց: Այդ էլ կասկածի տակ է, որովհետեւ Սահակաշվիլին այդ ութ տարվա ընթացքում կարող է էլ ավելի փոխել երկիրն ու հասարակությունը, ավելի բարդացնելով իր գծի դեմ պայքարը: Առայժմ, Վրաստանը հանգուցային մի փուլում է, որը փաստացի շատ կարեւոր է նաեւ Հայաստանի համար: Բանը միայն այն չէ, որ մեր անմիջական հարեւանի հետ մենք ունենք հայ-վրացական բազմաթիվ հարցեր, այդ թվում Ջավախքի կարեւոր խնդիր: Բանը նաեւ միայն Վրաստանի տարանցիկ նշանակությունը չէ: Վրաստանը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղած պետություն է, որն ըստ էության որոշակիորեն խախտել է հայ-ռուսական կոմունիկացիոն գիծը: Խոսքը միայն տնտեսական նշանակության մասին չէ, երբ ընդհատվել է օրինակ երկաթուղային հաղորդակցությունը: Խոսքը նաեւ այսպես ասած քաղաքակրթական հաղորդակցության մասին է: Դուրս գալով խորհրդառուսական միջավայրից, որդեգրելով այդ ընդգծված գիծը եւ երկիրը տեղափոխելով դեպի արեւմտյան քաղաքակրթական հարթություն, Վրաստանի նախագահը փաստորեն խախտել է Ռուսաստան-Վրաստան-Հայաստան խորհրդառուսական տիրույթը: Իսկ դա չէր կարող որոշակի ազդեցություն չթողնել հայ-ռուսական հարաբերության վրա: Ներկայում Ռուսաստանի հանդեպ Հայաստանում առկա վերաբերմունքի վերանայման էական գործընթացը նաեւ պայմանավորված է հենց Վրաստանով: Հայաստանի քաղաքացիներն անձամբ են ականատես լինում, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում արեւմտյան գիծ որդեգրած, խորհրդառուսական քաղաքակրթությանը հրաժեշտ տալու ակտիվ գործընթացի մեջ մտած այդ երկրում: Դա Հայաստանի հասարակական շատ շրջանակներում ստիպում է վերանայել մի շարք կարծրատիպեր, կապված Արեւմուտքի եւ Ռուսաստանի ընկալումների հետ: Բայցի այդ, Վրաստանի դուրս գալը խորհրդառուսական միջավայրից, Հայաստանի իշխանությանը փաստացի հնարավորություն է տվել մանեւրել հետխորհրդային ինտեգրացիայի ռուսական գերնպատակի համատեքստում: Մասնավորապես, օրինակ ի պատասխան Մաքսային միությանը միանալու ռուսական հորդորների, Հայաստանը պատճառաբանում է, որ չկա այդ միության հետ ընդհանուր սահման: Իսկ Մաքսային միությունը պարզապես միություն չէ, այլ Եվրասիական միության սաղմը, որը մարտահրավեր է Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի շահեկան կուրսին: Այն, որ Վրաստանը դուրս է ԱՊՀ ինտեգրացիոն այդ մամլիչից, օգնում է նաեւ Հայաստանին քիչ թե շատ խուսափել դրանից, թեկուզ համեմատաբար: Մինչդեռ դա ամենեւին երկրորդական նշանակության հարց չէ Հայաստանի համար: Չնայած Վրաստանի հետ բազում տնտեսական, քաղաքական եւ մշակութային խնդիրներին, Հայաստանի համար այդ երկիրն այդուհանդերձ որոշակի, յուրօրինակ վահանի դեր է կատարում մեր երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման դիվերսիֆիկացիայի անհրաժեշտ գործընթացը առաջ տանելու համար: Այդ իմաստով, Հայաստանի համար շատ կարեւոր է, որ Վրաստանում պահպանվի Սահակաշվիլիի կուրսը: Դա բխում է Հայաստանի պետական շահից: Առավել եւս, որ հայ-վրացական խնդիրների տեսանկյունից, Սահակաշվիլիի անկումով չի փոխվի գրեթե ոչինչ, ինչքան էլ որ ներկայում նրա մրցակիցները ոսկե սարեր խոստանան վիրահայությանը եւ ջավախքահայությանը: Այսպես ասած ռուսական ազդեցության տակ գտնվող Վրաստանը կարող է դառնալ առավել անկառավարելի, վերածվելով ընդամենը Հայաստանի դեմ ռուսական շանտաժի հերթական գործիքի: Մյուս կողմից, անշուշտ պետք չէ աներկբա համարել, որ Սահակաշվիլիի անհաջողությունը նշանակելու է Ռուսաստանի հաղթանակ եւ Վրաստանի վերադարձ այդ ծիր: Հազիվ թե Արեւմուտքը Վրաստանի «տարանցման» ռազմավարական խնդիրը լուծելիս իր հենակետ դարձներ միայն Սահակաշվիլիի քաղաքական շրջանակը, խաղալով միայն մեկ ֆիգուրով եւ մնացյալ բոլոր ֆիգուրները տալով Մոսկվային: Գրեթե կասկած չկա, որ Արեւմուտքը բավական ինտենսիվորեն աշխատել եւ աշխատում է նաեւ նրա մրցակիցների հետ, այդպիսով մի կողմից իրեն ապահովագրելով Սահակաշվիլիի «մենաշնորհից» եւ դրանից բխող հնարավոր քաղաքական շանտաժից, թե գլխավորը՝ ապահովելով Վրաստանի «տարանցման» գործընթացի շարունակականությունը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Tuesday, September 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment