Sunday, September 2, 2012

Ադրբեջանում շարունակում են գովաբանել մարդասպանին. Սաֆարովին մայորի կոչում է շնորհվել

News.am. 1-9-2012- Ադրբեջանում մարդասպանի գովաբանումը շարունակվում է. Հունգարիայի կողմից արտահանձնված եւ Ադրբեջանի կողմից ներման արժանացած Ռամիլ Սաֆարովին մայորի կոչում է շնորհվել: Ինչպես հաղորդում է 1news.az-ը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, նախարար Սաֆար Աբիեւը շնորհավորել է Սաֆարովին վերադարձի կապակցությամբ եւ մայորի կոչում շնորհել: Ինչպես հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ Հունգարիայում հայ սպայի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին: Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով գործուղման էր ուղարկվել Բուդապեշտ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով անգլերենի դասընթաց անցնելու, քնած ժամանակ դաժանաբար սպանվել էր Ռամիլ Սաֆարովի կողմից: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

No comments: