Panorama.am. 5-9-2012- Վերջին իրադարձությունները մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու, ներում ստանալու ու Հունգարիայի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերության կասեցման հետ կապված, հասել է այնտեղ, որ ընդամենը ԱՄՆ-ն ու Եվրոպական մի քանի պետություններ շատ երկչոտ հայտնել են իրենց տարակուսանքը եղածի հետ կապված։ Հիմնական բողոքի ալիքը, ըստ դիտարկման, հայ ու հունգարական հանրության կողմից է։ Ի՞նչ սպասել միջազգային հանրությունից ընդհանրապես, հարցին պատասխանում է փոձագետ Տիգրան Աբրահամյանը. «Ադրբեջանի իշխանությունները Սաֆարովի հանձնման ու ներում շնորհելու պրոցեսը մեծ քարոզչական արշավի վերածեցին՝ ողջ աշխարհին ևս մեկ անգամ ապացուցելու, որ թքած ունեն տարաբնույթ կոնվենցիաների և, առհասարակ, քաղաքակիրթ աշխարհի վրա։ Միջազգային հանրության ու միջազգային կառույցների հայտարարությունները բավականին թույլ էին, սակայն միաժամանակ սպասելի: Ի՞նչ պետք է ակնկալել միջազգային հանրությունից, երբ նրանք անտեսում են Ադրբեջանի կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող դիվերսիոն գործողությունները, ի՞նչ ակնկալել այն պետություններին, որոնք անտեսում են իրենց իսկ ներկայությամբ ստորագրվող հայտարարություններն ու Ադրբեջանի կողմից դրանց ոտնահարումը, ի՞նչ ակնկալել այն երկրներից, որոնց համար նավթային շահերը գերակա են համամարդկային արժեքներից և վերջապես ի՞նչ ակնկալել միջազգային հանրությունից, երբ նրանք ամեն անգամ կուլ են տալիս Ադրբեջանի կողմից հասցված ապտակները: Միջազգային հանրության կարծիքն ու դիրքորոշումը կարևոր է, բայց ոչ որոշիչ, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը բոլոր ուղղություններով համալիր գործողություններ ձեռնարկի և օգտագործելով Ադրբեջանի սայթաքումները ճնշումներ գործադրի Ադրբեջանի նկատմամբ, ինչը հնարավորություն կտա բանակցային գործընթացում առավել շահեկան դիրքում հայտնվել: Ադրբեջանը կոպիտ սայթաքում է թույլ տվել՝ հանցագործին ներում շնորհելով ու ազգային հերոս հռչակելով, անհրաժեշտ է օգտագործել պահը և վճռական հարված հասցնել»:
Thursday, September 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment