Thursday, September 6, 2012

Հ.Աբրահամյանի ելույթը. Ալիևի վերջին հրամանագրերը հարցականի տակ դրեցին փոխզիջումների մասին խոսելու նպատակահարմարությունը

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմատենչ հարևան Ադրբեջանը
իր վերջին քայլով` էթնիկ հողի վրա կատարած հանցագործության համար խստագույն պատժի արժանացած մարդասպանին ներում շնորհելով, ստեղծեց վտանգավոր նախադեպ, երբ նավթադոլարները ծառայեցվեցին եվրոպական արդարադատության համակարգը վարկաբեկելուն, ինչն անհարիր է ոչ միայն առաջադեմ Եվրոպային, այլև աշխարհին ընդհանրապես: Այսօր ելույթ ունենալով ԱԺ արտահերթ նստաշրջանում նշեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանի ղեկավարի խոսքով, այսքանից հետո դժվար է անհիմն համարել այն տեղեկությունները, որ Ադրբեջանը պետական մակարդակով ֆինանսական միջոցներ է հատկացնում ծայրահեղական կազմակերպություններին ֆինանսավորելու համար ե’ւ իր տարածքում, ե’ւ դրանից դուրս: Այսինքն, այդ երկիրն իր գործելաոճով վտանգ է ներկայացնում միջազգային հանրության, միջազգային կառույցների ու իր գործընկերների համար: ԱԺ նախագահի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ցավոք, գտնվում են նաև իշխանություններ, այդ թվում նաև Եվրոպայի սրտում, որ չեն դիմանում նավթադոլարների գայթակղությանը, ինչը տեղի ունեցավ օրեր առաջ Հունգարիայի արդարադատության համակարգի և իշխանությունների հետ, ովքեր դեմ գնացին ոչ միայն օրենքին, այլև բարոյականությանը, խղճին ու բանականությանը: Հունգարիայի իշխանությունները քաջատեղյակ լինելով Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովին և նրա ստոր արարքը հերոսացնելու տարիներ շարունակ հնչող հայտարարություններին, քաղաքական գործարք կնքեցին Ադրբեջանի իշխանությունների հետ: Եթե Ադրբեջանի հպարտությունը քնած մարդուն դավադրաբար կացնահարած փոքրոգի մարդասպանն է, ով ներկայացնում է այդ երկիրն ու նրա բանակը, ապա Արցախը հպարտ է ազատագրական պայքարով ձեռք բերած իր անկախ պետականությամբ և դրա հարատևությունը երաշխավորող ոգով ու մարտունակ բանակով: Օրերս Արցախը հանդիսավորությամբ նշեց իր անկախության 21-րդ տարեդարձը: Նշեց վստահությամբ, հաստատակամությամբ, ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալով, որ դե յուրե ճանաչված չլինելով ` դե ֆակտո ժողովրդավարության չափանիշներով իր հարևան Ադրբեջանին հաստատապես գերազանցող պետություն է: ԼՂՀ անկախությունն այլևս անշրջելի իրողություն է, և ԼՂՀ-ն տարեցտարի էլ ավելի ամրապնդում է իր պետականության հիմքերը: Այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պարզ է ոչ միայն Հայաստանի ու Արցախի ժողովրդին, ոչ միայն ողջ հայությանը, այլ նաև միջազգային հանրությանը: Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հրամանագրերը հարցականի տակ դրեցին փոխզիջումների մասին խոսելու նպատակահարմարությունը, ևս մեկ անգամ փաստելով, որ Ադրբեջանը երբեք չի կարող հանդիսանալ Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության երաշխավոր: Հարգելի պատգամավորներ Տարբեր առիթներով նշել ենք, որ Ադրբեջանը միջպետական հարաբերություններում անհուսալի և անվստահելի գործընկեր է, ինչի վկայությունն է նրա գործելաոճը ԼՂ հարցի շուրջ բանակցություններում և ընդհանրապես ողջ հակամարտության ընթացքում: Բավական է հիշել այն անպատասխանատու վերաբերմունքը, որ այդ երկիրն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կամ այդ խմբի անդամ երկրների ղեկավարների միջնորդությամբ ընդունված փաստաթղթերի նկատմամբ: Ըստ էության, Ադրբեջանի այդ պահվածքը բնավ էլ զարմանալի կամ անսպասելի չէր, ավելի զարմանալի է այն հանդուրժողականությունը, որ միջազգային հանրության կամ կառույցների կողմից կա այդ երկրի նկատմամբ, որին նույն այդ կառույցները բազմիցս են քննադատել մարդու իրավունքների խախտման, խոսքի ազատությունը խոչընդոտելու և Եվրոպայի համար անընդունելի ու դատապարտելի այլ գործողությունների մեջ: Եթե այդ քննադատություները գործնական քայլերի վերածված լինեին, կարծում եմ, Ադրբեջանը չէր հանդգնի ոչ միայն գործարքի գնալ, այլև նույնիսկ նման առաջարկ անել ԵՄ անդամ երկրին, որն իր հերթին լինելով բարեկամ երկիր, մեղմ ասած, ոչ բարեկամ պահվածք դրսևորեց և Հայաստանի, և սեփական, և եվրոպական արժեհամակարգի նկատմամբ: Միջազգային հանրությունը գոնե հիմա պետք է կարողանա տեսնել իրական դեմքը մի երկրի, որտեղ խրախուսվում է հայատյացությունը: Արցախի ժողովուրդը վաղուց է համոզվել դրանում և պատահական չէ մշտապես հայտարարում, որ որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ մասին բազմիցս հայտարարել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Չի կարելի վստահել Ադրբեջանի նույնիսկ ամենաբարձր մակարդակով տրված երաշխիքին կամ խոստմանը, հատկապես, եթե այն վերաբերում է մարդու, առավել ևս հայ մարդու անվտանգությանը: Իր այս քայլով Ադրբեջանը ԵՄ անդամ Հունգարիային ներքաշելով քաղաքական խարդավանքների մեջ` փորձում է ամենաթողության մթնոլորտ ստեղծել եվրոպական ընտանիքում: Հետևաբար, այդ ընտանիքից անպայմանորեն պետք է հնչեն դատապարտող խոսքեր, կատարվեն կոնկրետ գործողություններ: Հակառակ դեպքում դրանք կլինեն սովորական դեկլարատիվ, ձևական արտահայտություններ: Հակառակ դեպքում արևելյան գործընկերությունը կարող է մնալ ձևաչափ լոկ թղթի վրա, եթե գործընկերներից մեկի կամ մի քանիսի դատապարտելի գործողությունները չեն արժանանում մյուսների կոշտ ու շոշափելի արձագանքին: Հակառակ դեպքում դժվար կլինի մտածել, որ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրն իրոք գործընկերային է և իսկապես հանուն խաղաղության է, երբ այդ գործընկերության շրջանակներում Եվրամիության անդամ երկրում կացնահարվում է հայ սպան, իսկ մարդասպանը Եվրոպայի Խորհրդի անդամ երկրում դառնում է ազգային հերոս: Հարգելի պատգամավորներ, Ազգային ժողովի ընդունած հայտարարությունը կուղարկվի միջազգային խորհրդարանական կառույցներին և ազգային խորհրդարաններին, որոնք, կարծում եմ, համարժեք գնահատական կտան և կդիմեն գործնական քայլերի»:

No comments: