News.am. 5-9-2012- Այսօր` սեպտեմբերի 5-ին Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է արտահերթ նիստ, որի օրակարգում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի Հունգարիայից Ադրբեջան արտահանձնման հարցը: Հայաստանի Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն, արտահերթ նիստը գումարում է խորհրդարանի նախագահը` Հայաստանի նախագահի, պատգամավորների մեկ երրորդի կամ կառավարության անդամների առաջարկով: Սպասումներին հակառակ, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը քննարկման չի ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական մանդատը վայր դնելու հարցը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։ Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը: Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի կասեցման մասին:
Wednesday, September 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment