Հիմա, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ «Ռամիլ Սաֆարովի գործից» հետո, քննարկել են «տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները» և դրանից հետո «ծնել են» ըստ էության ոչինչ չասող մի հայտարարություն, որում ընդամենը «իրենց խորին մտահոգությունն ու ափսոսանքն են հայտնել վնասի համար, որ Սաֆարովին ներում շնորհելն ու նրա գործած հանցանքը մեծարելու փորձերը հասցրել են խաղաղ բանակցային գործընթացին և կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտին”, և հավասարության նշան դնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հայտարարում են, որ «կշարունակեն կապ պահպանել երկու կողմերի հետ, որպեսզի նվազեցնեն առկա լարվածությունը և առաջ տանեն բանակցային գործընթացը», կարելի է լիովին ապացուցված համարել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրանց լիազորող երկրները ոչինչ, իրականում ոչինչ մտադիր չեն անել «կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտին» հասնելու համար: Ակնհայտ է, որ հայասպան-մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու պատասխանատվությունում և խայտառակությունում Հունգարիան միայնակ չէ. այդ պատասխանատվությունը և խայտառակությունը հավասարապես տարածվում է առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների և այդ անդամների պետությունների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի վրա: Տասնհինգ տարուց ավելի ադրբեջնահայ փախստականներն ամենատարբեր ձևերով փորձում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրությունը հրավիրել այն խայտառակ փաստի վրա, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման քննարկումների օրակարւմ ադրբեջանահայ փախստականների խնդիրը գոյություն չունի: Գոյություն չունի թե փախստականների հետագա գոյության հարցը լուծելու, թե փախստականություն առաջացրած ֆաշիստա-ռասիստական Ադրբեջանի քաղաքականությունը գնահատելու և դրան համարժեք որոշումներ կայացնելու տեսանկյունից: Սումգայիթից սկսած մինչև 1990թ., երկու տարի շարունակ ադրբեջանահայ փախստականները Բաքվում, Կիրովաբադում, Շաքիում և այլուր մեծագույն դժվարություններով են փրկվել երեսուն-քառասուն և ավելի /դժվար է դրանց մարդ անվանել/ ոհմակներ կազմած մարդորսներից` զոհ տալով շատ-շատերի կյանքը և, անշուշտ, ողջ նյութական ունեցվածքը: Ավելորդ է ասել, որ Սումգայիթի անմարդկային ոճրագործությունների նկատմամբ ԽՍՀՄ, տվյալ դեպքում կարելի է ասել նաև` ռուսաստանյան դատական խեղկատակությունը միայն խրախուսում էր մարդկային այդ տականքների արյունախմության երկարակեցությունը` մինչև նրանց զոհերը` հայերը ամբողջովին չփախան Ադրբեջանից և դադարեցին մատչելի լինել: Ողջ ԽՍՀՄ, իրականում ողջ աշխարհի խրախուսմամբ այդ էթնո-մարդասպանները հերոսանում էին սեփական էթնո-հանրության կողմից և ծնում նորանոր էթնո-մարդասպանների հերոսացման երազանքներ: Ռամիլ Սաֆարովը դրանցից միայն մեկն է: Նա երազում էր հայ սպանել, բայց հային կարողացավ հանդիպել միայն Բուդապեշտում: Ադրբեջանի առնվազն վերջին քսանչորսամյակի էթնո-հերոսները հայերի` քնած մարդկանց կացնահարողների, ծեր կանանց բռանաբարողների, երեխաներին տանջամահ անողների, անպաշտպան և անզեն մարդկանց հրկիզողների, բնակարանները թալանողների խմբեր են: Այդ «հերոսները» նույնիսկ զառամյալ մարդկանց սպանելու և թալանելու համար միայնակ գնալու համարձակություն չունեին: Գնում էին խմբովի` խռպոտելու աստիճան «մահ հայերին» կարգախոսը վանկարկելով: «Մահ հայերին» կարգախոսը երկու տարի զարդարում էր նրանց գլխակապերը, որոնցով հպարտորեն շրջում էին Ադբեջանի բոլոր քաղաքներում, բայց հատկապես մայրաքաղաք Բաքվում: Հայերին կացնահարելը, մորթելը այն արհեստն է, որն Ադրբեջանում փառաբանվում է իշխանության կողմից` հանրային հերոսացման մակարդակով: Դրանցից ընդամենը մեկն է Ռամիլ Սաֆարովը: Նա նույնպես երազում էր «մահ հայերին», բայց մյուսների համեմատ Ռամիլ Սաֆարովը իսկական քաջ է. նա մենակ է մտել քնած հայ սպայի սենյակ և կացնահարել նրան: Ճիշտ է, դա առավոտյան 5:30 էր, հայ երիտասարդը խոր քնի մեջ էր և չէր կարող դիմադրել, բայց միայնակ հայի սենյակ մտնելը, եթե նույնիսկ նա քնած է, իսկական քաջություն է այդ ոհմակից ցանկացածի համար: Ռամիլ Սաֆարովը երազում էր հերոսանալ, ինչպես հերոսացել էին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի իրեն նախորդած վախկոտ շանորդիները, ովքեր մինչև այսօր «Ադրբեջան» կոչվող պետության հենասյուներն են: Պետության բոլոր կառույցների կողմից հովանավորվող ու էթնո-հանրության կողմից հերոսացվող այդ տականքների «սխրագործությունները», որոնց զոհ են գնացել հարյուրավոր հայեր, հազարավորները խեղվել են ֆիզիկապես, տասնյակ հազարավորները` հոգեպես, մինչև այսօր երբևէ չի քննարկվել Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման համատեքստում, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, ինչով ինքնին Մինսկի խումբը միացել է նրանց հերոսացման անփառունակ գործին: Ադրբեջանի իշխանությունների կողմից հակահայկական ռասիզմի բացահայտ քարոզչությունը Մինսկի խմբի կողմից համառորեն չնկատելը “խաղաղ բանակցային գործընթացին և կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտին” խոչընդոտող ամենակարևոր գործոնն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայ փախստականների խմբի գոյությունը քննարկումների քսան տարիներին հետևողականորեն անտեսելը, «Ադրբեջան» կոչվող պետությունում հայ փախստականության առաջացման իրական պատճառա-հետևանքային կապերի բացահայտումը միտումնավոր շրջանցելը, հայասպաններին հերոսացնելու քսանչորս տարվա բացահայտ պրակտիկային չանդրադառնալը, պետության մակարդակով հակահայկական ատելության ամենօրյա չթուլացող քարոզչությունը քննարկումների խնդիր չդարձնելը, Ադրբեջանի կողմից Ջուղայի խաչքարերի ծրագրավորված ոչնչացման և դրա փոխարեն զինվորական պոլիգոն կառուցելու փաստի նկատմամբ աչքակապությունը ոչ այլ ինչ են, քան ադրբեջանի տականքների կողմից իրականացվող էթնոսպանությունը խրախուսելու բացահայտ գործընկերություն: Ստպված եմ «խորին մտահոգություն և ափսոսանք հայտնել վնասի համար, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խուսանավող վարքը հասցնում է խաղաղ բանակցային գործընթացին և կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանը»: Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
Wednesday, September 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment