Panorama.am. 4-9-2012- Քարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս Դե Վաալը բրիտանական «ԲիԲիՍի»-ի կայքում հանդես է եկել հոդվածով, որտեղ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմանն ու ներում շնորհելուն: «Այս շաբաթ ծանր ստացվեց բոլոր նրանց համար, ովքեր ապավինում էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոպիտ ու սադրիչ քայլ արեց, ազատ արձակելով ու ներում շնորհելով հայ սպային դաժանորեն սպանած և Հունգարիայում ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին», - գրում է փորձագետը: Հիշեցնելով ոճրագործության նախապատմությունը, Դե Վաալը գրում է, թե 2004 թ-ին էթնիկ հողի վրա իրականցված այդ սպանությունը Հայաստանում և Ադրբեջանում հույզերի անխուսափելի տարափի առիթ էր հանդիսացել: «Հայաստանում Մարգարյանի թաղման արարողությունը դարձավ պետական մասշտաբի միջոցառում: Ադրբեջանում, մինչդեռ, խորհրդարանի որոշ անդամներ համարձակվեցին Սաֆարովին հերոս հռչակել, սակայն շատ ադրբեջանցիներ ամոթի զգացում ապրեցին Սաֆարովի համար»: Անդրադառնալով վերջինիս արտահանձմանը, Դե Վաալը նշում է, թե ադրբեջանցի սպան ոչ միայն անհայտ պայմաններով հայրենիք վերադարձվեց, այլև միանգամից ներման արժանացավ ու հերոս հռչակվեց: Նրան բնակարան նվիրեցին, իսկ զինվորական կոչումը բարձրացվեց: «Ցանկացած գործողություն բերում է արձագանքի: Ե՛վ ԱՄՆ-ի կառավարությունը, և՛ Ռուսաստանի արտգործնախարարությունը հավանության չարժանացրեցին Ադրբեջանի քայլը, և դա զարմանալի չէ: Եվրամիության Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին էշտոնը ևս մտահոգություն հայտնեց, սակայն զերծ մնաց Հունգարիային ուղղված ուղղակի քննադատությունից: ԵՄ – ի խնդիրները Հունգարիայի վարչապետ Օրբանի և նրա վարած քաղաքականության հետ առանց այդ էլ բավարար են», - գրում է փորձագետը: Խոսելով Հայաստանում առաջացած զայրույթի մասին, Դե Վաալը գրում է, թե «Այժմ Հայաստանը լրացուցիչ առիթ ունի հրաժարվելու խաղաղ բանակցություններից: Որոշ հայ մեկնաբաններ նույնիսկ կոչ են անում դիմել արմատական քայլերի՝ ճանաչել ԼՂ-ի անկախությունը: Մտահոգություն կա նաև, որ հայ ծայրահեղականները ցանկանան վրեժի գործողություն իրականացնել», - նշում է Դե Վաալն ու հավելում. «Այսպիսով, ադրբեջանական կառավարության գործողությունները ոչ մի կերպ չի կարելի հասարակ սխալ անվանել: Ավելի շուտ դա ահազանգող վկայությունն է այն խորհուրդների որակի մասին, որը մատուցվում է Ալիևին իր կաբինետի անդամների կողմից»: Դե Վաալը պնդում է, թե չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին Ադրբեջանը ահռելի նավթադոլարներ է ծախսում իր իմիջը միջազգային ասպարեզում բարձրացնելու համար, «հենց նույն Սաֆարովին գրկաբաց ընդունելու հանգամանքը հսկայական վնաս հասցրեց Ադրբեջանի վարկանիշին»: «Ցավոք, հաղթանակած մնացին միայն երկու պետություններում առկա արմատական մասնիկները: Հայաստանում կոշտ գծի կողմնակիցներին լրացուցիչ անգամ առիթ տրվեց ադրբեջանցիներին բարբարոսներ անվանելու, որոնց չի կարելի է վստահել»: Տեղի ունեցածի համատեքստում Դե Վաալը նշում է, թե միջազգային հանրությանն անհրաժեշտ է առավել մեծ ուշադրության արժանացնել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված լարվածությանը: «Այդ հակամարտությունը, ի հեճուկս տարածված կարծիքի, բոլորովին էլ սառեցված չէ: Մինչ օրս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մեղմ միջնորդական ջանքերը չեն դրդել կողմերին սեփական, քայլ կատարել սեփական անսասան դիրքորոշումներից: Իսկ Բաքվում Սաֆարովին մատուցված ընդունելությունը ենթադրում է, որ իրավիճակն ավելի շուտ գնում է պատերազմի, քան խաղաղության: Այդ ընթացքը դեռևս հնարավոր է կասեցնել, և դիվանագիտական ջանքները պետք է անհետաձգելիորեն ձեռնարկվեն», - եզրափակում է Դե Վաալը:
Wednesday, September 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment