Wednesday, September 5, 2012

Սաֆարովի հազար մահը

«Լրագիր» 5-9-2012- Հայաստանի հասարակությունը, նաեւ միջազգային հանրության զգալի մասը զայրացած է, որ Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների գործարքի շնորհիվ պատժից ազատվել է ադրբեջանցի մարդասպանը, ով իր հայրենիքում արժանացել է ազատության, փառաբանումների, զինվորական կոչման բարձրացման: Բայց, եթե մի փոքր հակառակ կողմից դիտարկենք առկա իրողությունը, նաեւ վերջին մի քանի օրերի զարգացումների ֆոնին, դրանց քաղաքական ու աշխարհաքաղաքական համատեքստում, ապա թերեւս կարող ենք նաեւ հակառակն ասել՝ որ Սաֆարովի համար առավել դաժան պատժի է վերածվում ազատությունը: Տեղեկություն եղավ, որ Ադրբեջանի իշխանությունն անվտանգության միջոցառումներ է ձեռնարկում Սաֆարովի համար: Նրա տան մոտ հերթապահություն է սահմանված, նրա մոտ ելումուտը վերահսկվում է, ամեն մարդու չէ, որ թույլ են տալիս հանդիպել Սաֆարովի հետ: Կարելի է պատկերացնել, թե ինչպես է գիշերը քնում Սաֆարովը: Նա երեւի թե երազում է բուդապեշտյան բանտի հանգիստ գիշերները, ահը սրտում սպասելով, թե երբ է իր կյանքին վերջ դրվելու: Ռամիլ Սաֆարովը երեւի թե չի կասկածում, որ իր կյանքը մինչ ազատությունն ունենալով մեծ արժեք, իհարկե ավելի շատ քաղաքական, ոչ թե մարդկային իմաստով, ազատությունից հետո սրընթաց արժեզրկվում է, եւ թող ցինիկ, տարօրինակ չհնչի, բայց արդեն սկսում է արժեք ստանալ նրա մահը: Արդեն իսկ խոսվում է այն մասին, որ Սաֆարովին կարող է սպանել հենց Ադրբեջանը, մեղքը Հայաստանի վրա գցելու համար, հատկապես Սերժ Սարգսյանի “հատուկ հանձնարարության” մասին բարձրաձայնումից հետո: Սաֆարովին կարող է սպանել նաեւ Ռուսաստանը, Պուտինի համակուրսեցու “ուրվականը” ցրելու համար: Սաֆարովին կարող է սպանել նաեւ Թուրքիան, քանի դեռ Ռուսաստանը չի սպանել: Ով ասես կարող է սպանել Սաֆարովին, նա այլեւս ոչ մեկին պետք չէ, փոխարենը շատերին է պետք նրա մահը, նոր քաղաքական հարցեր լուծելու, հին լուծումներում թողած հետքերը մաքրելու համար: Ու Սաֆարովն անշուշտ հասկանում է այդ ամենը, նա ներկայում ամեն վայրկյան թերեւս սպասում է իր մարդասպանին, ի տարբերություն իր զոհ Գուրգեն Մարգարյանի, ով մարդասպանի չէր սպասում եւ քնած էր խաղաղ: Սաֆարովն այլեւս չի կարող խաղաղ քնել, նրա խաղաղությունն ավարտվեց Բաքու տանող օդանավում: Եվ սա ամենեւին պատկերավոր նկարագրություն չէ, սա իրողություն է, որում ներկայում ապրում է ադրբեջանցին: Նա հիմա իր ամեն քայլափոխին սպասելու է հարձակման, հարվածի: Նա իր կյանքում հանդիպած ամեն մի անծանոթի այլեւս դիտարկելու է որպես իր դահիճ, եւ ով գիտե՝ գուցե նաեւ կասկածելու է ծանոթներին: Դա իրողություն է, ու նաեւ իհարկե մարդկային մեծ ողբերգություն: Բայց միեւնույն ժամանակ Սաֆարովն ինքն ընտրեց այդ ողբերգության ճանապարհը, ձեռքը վերցնելով կացինը: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: