«Լրագիր» 25-9-2012- Forbes ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի 200 խոշոր ըկերությունների ցանկը, որի 32-րդ հորիզոնականում է նաեւ ծագումով հայաստանցի գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը: Տաշիրը, ըստ Forbes-ի, անցյալ տարվա ընթացքում ունեցել է մոտ 2,5 միլիարդ դոլարի մաքուր հասույթ: Տարեկան կտրվածքով, ընկերությունն արձանագրել է հասույթի մոտ 20 տոկոս աճ: Տաշիրը ի թիվս Ռուսաստանում եւ արտերկրում կատարած այլ ներդրումների, նաեւ զգալի ներդրումներ է կատարել եւ կատարում Հայաստանում եւ Արցախում՝ թե բիզնես, թե բարեգործական նպատակներով: Սակայն, չնայած այդ զգալի ներդրումներին, ընկերությունը Հայաստանի հասարակության շուրթերին ավելի շատ հայտնվում է Տաշիր ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, երբ շռայլորեն նվերներ է բաժանում հայկական շոու-բիզնեսի աստղերին, տալով թանկարժեք մեքենաներ եւ բնակարաններ: Այդ առումով, հատկապես աղմկոտ էր 2011 թվականի մրցանակաբաշխությունը: Թերեւս այն պատճառով, որ այդ շքեղությունն ու շռայլությունը մի կողմից արվում էր ճգնաժամի ֆոնին Հայաստանում աղքատության աճին պայմաններում, իսկ մյուս կողմից էլ նվերներ էին ստանում մարդիկ, ովքեր Հայաստանի համար բավական էական իրադարձությունների պարագայում հրապարակավ դիրքորոշվել են իշխանության, ոչ թե հասարակության եւ պետության օգտին: Այդ պայմաններում, Տաշիրի շռայլությունը ընկալվում է որպես իշխանության վարձատրություն աստղերին՝ նրանց աջակցության դիմաց: Ուրախալի է, որ Ռուսաստանում գործարարությամբ զբաղվող հայաստանցի գործարարը ունենում է հաջողություններ, հասույթի աճ: Տաշիրը ավելի քան 35 հազար աշխատող ունի Ռուսաստանում, որոնց մի զգալի մասը հավանաբար հայեր են, նաեւ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած հայեր, ովքեր դրա շնորհիվ կարողանում են պահել այստեղ մնացած իրենց ընտանիքներին: Ուրախալի է նաեւ, որ ավելացել է Տաշիրի հասույթը՝ 20 տոկոսով: Միայն թե, ներկայումս երեւի թե հետաքրքրական է հարցը, թե արդյո՞ք դա նշանակում է, որ կավելանան նաեւ Տաշիր 2012-ի նվերները: Չէ որ դա կնշանակի, որ կավելանա նաեւ Տաշիր գրուպի հանդեպ Հայաստանի հասարակության մեղմ ասած վրդովմունքը կամ չհասկացվածությունը, երբ մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչու է Սամվել Կարապետյանն այդքան շռայլ գտնվում մարդկանց հանդեպ, որոնք կարծես թե չունեն սոցիալական խնդիրներ: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանում օրինակ կան բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն բնակարանի կարիք, որոնց երեխաները քնում են հողի մեջ կամ տնակներում, երբ Հայաստանում կան շատ մանուկներ, որոնք անհապաղ բուժման կարիք ունեն, բայց այդ բուժումն արժե այնքան, որքան ասենք նվիրվող մեքենաներն ու բնակարաններն են: Անշուշտ դա չի նշանակում, որ Սամվել Կարապետյանը այդօրինակ խավի համար բարեգործական հատկացումներ չի կատարում: Տաշիր ընկերությունը բավական զգալի օժանդակություն է ցուցաբերում նաեւ այդ խավերին, օգնում առողջության կարիք ունեցող մանուկներին: Միեւնույն ժամանակ սակայն, երբ Հայաստանում չափազանց սրված է բնակչության բեւեռացվածության աստիճանը, նաեւ կտրուկ մեծանում են հասարակության պահանջներն ու չափորոշիչները, եւ ամեն մի առանձին օրինակը դառնում է արդեն բավական էական եւ նշանակալից: Այդ պարագայում, եթե օգնություն է ցուցաբերվում 10 երեխայի, միեւնույն է, հասարակական ընկալման տեսանկյունից արդեն շատ ավելի նշանակալի է դառնում 11-րդին չցուցաբերվածը: Այստեղ է խնդիրը, որը հաշվի չառնելը կլինի շոշափելի վրիպում: Օրինակ, հավանաբար Քսենիա Սոբչակը Երեւանում բնակարան չստանալով չէր նեղանա, փոխարենը ամբողջ հանրությունը կգնահատեր եւս մեկ երեխայի փրկված կյանքը: Մինչդեռ ստացվեց լրիվ հակառակ էֆեկտ: Ընդ որում, Տաշիրն այստեղ մի օրինակ է, որը բնորոշում է հայկական կապիտալի համար ընդհանուր, գլոբալ դարձած խնդիրը: Կարելի է թվարկել այլ անուններ եւ օրինակներ: Բանն այդ չէ: Հայկական համաշխարհային կապիտալի առաքելության խնդիրը դրանով կարող է դառնալ առավել գունեղ, բայց էությունը պարզ է ինքնին: Այդ կապիտալը զգալի ներդրում է ունենում Հայաստանում տնտեսության շարժի եւ բարեգործության համար, բայց, միեւնույն ժամանակ, կատարվում են քայլեր, որոնք հանրային ընկալման տեսանկյունից ջուրն են գցում այդ ներդրումները: Թե այդ մասնավոր կապիտալի, թե Հայաստանի հեղինակության համար, շքեղ մրցանակաբաշխությունների փոխարեն, որ մի քանի ժամ զվարճանք է պատճառում ընդամենը սահմանափակ թվոթվ համայնքային խավերին եւ ռաբիս աստղերի ու շոումենների, շատ ավելի արդյունավետ կլինի ամեն մի լուման խնայել եւ ուղղել Հայաստան՝ սոցիալական, ինչպես նաեւ տեխնոլոգիական արդիականացման ծրագրերով: Շոույով աշխարհում որեւէ մեկին այլեւս չես զարմացնի: Հայկական կապիտալը պետք է հետապնդի այլ, առավել լուրջ եւ ստրատեգիական նպատակներ: Ու քանի որ այդ կապիտալն իհարկե անսահմանափակ չէ, օդից չի ընկնում, պետք է օպտիմալ ծախսվի ամեն մի ցենտը: Այդ կապիտալը շոու դառնալու փոխարեն պետք է դառնա Հայաստանում կրթական, գիտական, արտադրական նոր տեխնոլոգիա, նոր որակի ենթակառուցվածք, կամ եւս մի նոր տեխնոլոգիա, եւս մի նոր ենթակառուցվածք: Դա կարող է լինել համաշխարհային հայկական կապիտալի արժեքը, ոչ թե որեւէ նոր մակարդակի անընդունակ աստղերի հանդեպ ցուցաբերվող շռայլությունը: Իսկ եթե կապիտալը խնդիրներ է տեսնում Հայաստանում լիարժեք ներդրվելու տեսանկյունից, ապա այդտեղ արդեն պետք չէ խուսափել դրանց մասին առարկայորեն բարձրաձայնելուց եւ հասարակական քննարկումներ խթանելուց, բացահայտելով պատճառներն ու այդ պարագայում էլ այդպես էական նպաստ բերելով Հայաստանի միջավայրի առողջացման գործում: Ո՞վ է լինելու առաջին խոշոր հայ գործարարը, որ լիարժեք հայացք է նետելու այդ խնդիրներին, ուշադրություն չդարձնելով Forbes-ի համապատասխան վարկանիշային ցանկի բացակայությանը: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
Tuesday, September 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment