Panorama.am. 24-9-2012- Իրանը պատրաստ է համաձայնության գալ Արևմուտքի հետ և սահմանափակել հարստացված ուրանի պաշարները: «Մենք միշտ պատրաստ ենք եղել և հիմա էլ պատրաստ ենք համաձայնության գալ: Մենք բազմիցս հանդես ենք եկել կառուցողական առաջարկություններով»,- այս մասին «Rosbalt.ru»-ի փոխանցմամբ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Աղբյուրի փոխանցմամբ, Մ. Ահմադինեժադը կասկած է հայտնել, որ Արևմուտքը իսկապես անհանգստացած է իրանական միջուկային ծրագրով: «Դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ դրանում է կայանում խնդիրը: Նրանում, որ մենք ունենք 3%-ից ավել հարստացված ուրան: Ի՞նչ երաշխիքներ կան, որ եթե մենք կատարենք բոլոր պահանջները, չեն առաջանա նոր խոչընդոտներ մեր առաջ»,- ընդգծել է Իրանի նախագահը և հավելել, որ Իրանի միջուկային խնդիրը սոսկ առիթ է Արևմուտքի շահերն առաջ տանելու գործում: Աղբյուրի հիշեցմամբ, օրերս ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը Նյու Յորքում հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, որի ժամանակ կոչ է արել վերջինիս քայլեր ձեռնարկել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վստահությունը վերականգնելու ուղղությամբ: «Գլխավոր քարտուղարը կոչ է արել Իրանին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպիսի միջազգային հանրությունը համոզվի, որ միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ»,- հաղորդում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը: Բացի այդ, Պան Գի Մունը Իրանի նախագահի հետ քննարկել է նաև Սիրիայի խնդիրը, որտեղ արդեն տարի ու կես չի դադարում հակամարտությունը իշխանության, որի վրա, ինչպես ընդունված է կարծել, Իրանը ունի որոշակի ազդեցութուն, և ընդդիմության միջև, որը և վայելում է արևմտյան պետությունների աջակցությունը: Հիշեցնենք, որ Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ Իրանի միջուկային ծրագրի պատճառով: Իրանը հավաստիացնում է, որ այդ ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ: Սակայն Իսրայելն ու արևմտյան պետությունները պահանջում են դադարեցնել միջուկային ծրագիրը, որը, իրենց կարծիքով, կարող է հանգեցնել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծմանը: Պաշտոնական Իրանը հրաժարվում է դադարեցնել ծրագիրը, որին ի պատասխան Արևմուտքը Իրանի նկատմամբ ընդունել և շարունակում է կիրառել պատժամիջոցներ:
Tuesday, September 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment