Monday, May 12, 2008

Հարգանքի տուրք` «Եռաբլուր» պանթեոնում

Շուշիի ազատագրման հաղթական հերոսամարտի 16-րդ տարեդարձի եւ Հայենական մեծ պատերազմի ու խաղաղության օրվա առիթով երեկ Երեւանի «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին: «Եռաբլուր» պանթեոն էին եկել եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակի «Հայկական պար» հուշակոթողի մոտ ծաղիկներ դրեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ Զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմը, հոգեւոր այրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ:
«Այսօրվա խորհուրդը մի կողմից` զոհվածների հիշատակի տուրք է, մյուս կողմից` հպարտություն մեր հաղթանակների համար, հույս, որ մենք կարող ենք վճռական պահերին միախմբվել` հաղթանակի հասնելու համար»,-հարգանքի տուրք մատուցելուց հետո ասաց վարչապետ Տ.Սարգսյանը:
Նա նաեւ նշեց, որ կատարվում են քայլեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների պատվովճարների բարձրացման ուղղությամբ: Մասիսի 8-ին ՀՀ կառավարությունը որոշեց հուլիսի 1-ից կրկնապատկել դրանք: «Երկրորդ քայլը, որ պետք է կատարվի, մշակվում է համալիր ծրագիր` սոցիալական մեծ փաթեթ, որը 2009թ-ի բյուջետային քննարկումների ժամանակ կներկայացվի նաեւ հանրությանը, թե պետությունն իր ֆինանսական կարողությունների չափով ինչ լրացուցիչ միջոցառումներ կարող է անել ընդհանրապես սոցիալապես անապահով խավերին, պատերազմի հաշմանդամներին, պատերազմի մասնակիցներին, ծնողազուրկ երեխաներին աջակցելու ուղղությամբ»,-տեղեկացրեց գործադիր մարմնի ղեկավարը: Զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկների մայրերը «Եռաբլուր» պանթեոնում ՀՀ վարչապետից ընդունելություն խնդրեցին իրենց սոցիալական խնդիրները ներկայացնելու նպատակով: Տ.Սարգսյանը խոստացավ առաջիկայում նրանց ընդունել եւ լսել բոլոր հարցերը:
Երկրի ղեկավարությունն ու ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին ծաղկեպսակներ դրեցին նաեւ մայրաքաղաքի Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեկ կմասնակցեց ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձին եւ Հաղթանակի օրվան նվիրված Եռատոնի միջոցառումներին:

No comments: