Tuesday, June 17, 2008

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՀՈԼՈՔՈՍՏԸ ԵՎ ՌՈՒԱՆԴԱՅԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԱՌՎԵՆ ԿԱՆԱԴԱՅԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 11-ՐԴ ԴԱՍԱՑԱՆՑԻՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ

Հունիսի 12-ի երեկոյան Տորոնտոյի Շրջանային դպրոցի խորհուրդը որոշում է կայացրել, որով հավանություն է տրվել 11-րդ դասարանցիների համար նախատեսված ցեղասպանության վերաբերյալ դասընթացի ծրագրին, որը հիմնականում կենտրոնանալու է երեք` 1915թ. Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի եւ 1994թ. Ռուանդայի ցեղասպանության վրա: Խորհրդի ղեկավարներից մեկը` Նադինե Սեգալը, ասել է, որ այլ ցեղասպանությունները եւս, ներառյալ ներկայիս Դարֆուրի ճգնաժամը, ինչպես նաեւ Ուկրաինայի սովը (Գոլոդոմոր), կքննարկվեն ավելի լայն հետազոտական կոնտեքստում: Ուսանողները հնարավորություն կունենան այլ ցեղասպանություններ որպես թեմա ընտրել իրենց ինքնուրույն ուսումնասիրության համար: Խորապես ուսումնասիրված երեք վայրագությունները ուսանողներին կծանոթացնեն մարդկության դեմ իրականացվող ցեղասպանության եւ ոճրագործության հասկացությունների հետ` սովորեցնելով նրանց քննադատաբար նայել աշխարհին: «Կենտրոնանալով այս երեք ցեղասպանությունների վրա` ոչ մի փորձ չի արվում պակաս կարեւորություն հաղորդել ինչ-որ մեկի ողբերգությանը կամ ենթադրել, որ ինչ-որ մեկի տառապանքը պակաս կարեւոր է, քան մյուսինը»,- ասել է Սեգալը: Այս դասընթացը, որն անցկացվելու է 12-ամյա միջնակարգ դպրոցներում սեպտեմբերից, իր բնույթով առաջինն է դպրոցի խորհրդի համար:

No comments: