ՍՏՈԿՀՈԼՄ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հունիսի 12-ին Շվեդիայի խորհրդարանը 245 դեմ եւ 37 կողմ ձայնով մերժեց Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի ունեցած ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Նախորդ օրը` հունիսի 11-ին, երկար բանավեճ էր ծավալվել շվեդական խորհրդարանում մարդու իրավունքների մասին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցի, ինչպես նաեւ հինգ առաջարկությունների վերաբերյալ, որոնցով կոչ է արվում Շվեդիայի կառավարությանը եւ խորհրդարանին պաշտոնապես ճանաչել 1915թ. ցեղասպանությունը: Ի պատասխան` մեծամասնությունը, որը կազմված է իշխող դաշնակից կուսակցություններից եւ սոցիալ-դեմոկրատներից, առաջարկել է մերժել առաջարկությունները, մինչդեռ Կանաչների եւ Ձախերի կուսակցությունները հայտնել են իրենց վերապահության մասին` ստիպելով խորհրդարանին քննարկում կազմակերպել մինչեւ առաջարկության վերաբերյալ քվեարկություն անցկացնելը: Բանաձեւը մերժելու պատճառաբանությունները հիմնված են չորս հիմնական փաստարկների վրա.1. Ոչ 1985թ., եւ ոչ էլ որեւէ այլ կապակցությամբ Հայկական հարցի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ընդունվել Միցյալ ազգերի կազմակերպության կողմից:2. Հանձնաժողովը հասկանում է, որ այն, ինչը կործանեց հայերին, քաղդեացիներին եւ ասորիներին Օսմանյան կայսրության իշխանության ժամանակ, հավանաբար, համաձայն 1948թ-ի կոնվենցիայի, կդիտարկվեր որպես ցեղասպանություն, եթե տվյալ կոնվենցիան օրենքի ուժ ունենար այդ ժամանակ:3. Դեռեւս տարաձայնություններ կան փորձագետների միջեւ Օսմանյան կայսրության փլուզման տարբեր իրադարձությունների եւ ուղղությունների առնչությամբ: Նույնը վերաբերում է նաեւ դրա հիմքում ընկած պատճառներին եւ այն բանին, թե հարձակումներն ինչպես պետք է դասակարգվեն:4. Ինչ վերաբերում է Թուրքիայի ներկա իրավիճակին ու զարգացումներին, ներկայումս վտանգավոր կլիներ նախաձեռնել մի նուրբ ազգային գործընթացի սկիզբը, ինչը հարմար առիթ կհանդիսանար երկրի ծայրահեղականների համար:Շվեդիայի հայկական ընկերությունների միության նախագահ, «Արմենիկա.օրգ» էջի գլխավոր խմբագիր Վահագն Ավետյանը բաց նամակ է հղել պատգամավորներին, որում մատնանշել է որոշ հիմնական թերություններ վերոհիշյալ փաստարկներում` նշելով, որ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները կամ վատ են տեղեկացված գոյություն ունեցող տվյալների, զեկույցների, կոնվենցիաների եւ բանաձեւերի վերաբերյալ, կամ նրանք պարզապես անտեսում են այն մեծածավալ տեղեկատվությունը, որը հակասում է իրենց պնդումներին: Այնուամենայնիվ, հունիսի 11-ի քննարկումն ապացուցեց, որ որոշումը ոչ մի կապ չուներ ներկայացված փաստերի հետ:Որքան բանավեճը շարունակվում էր, այնքան ավելի ակնհայտ էր դառնում, որ ոչ մի պատգամավոր չէր կարող բացատրել, առավել եւս պաշտպանել վերը նշված փաստարկներից որեւէ մեկը, բացառությամբ, հավանաբար, վերջինի:Ինչեւէ, մինչեւ քվեարկությունը` քննարկման ժամանակ, Ձախ ուժերը ներկայացնող խորհրդարանական Հանս Լինդը երեք հարց է առաջադրել` ի հակադրություն նշված փաստարկների.1. Ովքե՞ր են այն հետազոտողները, որ չեն համաձայնում 1915թ. իրողություններին:2. Եթե 1948թ. ՄԱԿ-ի բանաձեւով չի կարելի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա ինչպե՞ս է ճանաչվում Հոլոքոստը:3. Ինչու՞ պետք է վախը Թուրքիայի ներսի ծայրահեղականների հանդեպ թելադրի խոսքի ազատությունը շվեդական խորհրդարանում:Բանաձեւին դեմ արտահայտվողներից ոչ ոք չի կարողացել պատասխանել այս հարցերին:
Saturday, June 14, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment