Համաժողովրդական շարժման կենտրոնը
վիճարկելու է քաղաքապետարանի որոշումը
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ», Ռ/Կ. 14.06.08: Երեւանի քաղաքապետարանը երեկ մերժել է Հայաստանի առաջին նախագահ, անցած ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման` հունիսի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք եւ դրանից հետո քաղաքի կենտրոնական փողոցնելով երթ անցկացնելու մասին իրազեկումը: Համաժողովրդական շարժումը պատրաստվում է վիճարկել այդ որոշումը:
«Մենք, այնուամենայնիվ, ցանկանում ենք եւս մեկ շանս շնորհել իշխանություններին՝ հարցը քաղաքակիրթ եւ օրինական ճանապարհով լուծելու համար: Ուստի մենք կվիճարկենք դատարանում սույն ապօրինի որոշումը, ինչպես նաեւ նոր հայտով կդիմենք քաղաքապետարան՝ հանրահավաքի եւ երթի անցկացման համար: Կառուցողականություն եւ ճկունություն դրսեւորելով՝ մենք հանրահավաքի անցկացման համար, բացի Ազատության հրապարակից, կառաջարկենք այլընտրանքային վայր՝ Մատենադարանին կից տարածքը», - ասված է Համաժողովրդական շարժման կենտրոնի` երեկ ուշ երեկոյան տարածած հաղորդագրությունում:
Մերժման համար հիմք է հանդիսացել Երեւանի քաղաքապետի հունիսի 5-ի կարգադրությունը, որով Ազատության հրապարակում հունիսի 9-ից սկսած արտոնվել է «Փոքրիկ երեւանցի» խորագրով միջոցառումների շարքի անցկացումը: Դրա շրջանակներում նախատեսված միջոցառումը հունիսի 20-ին սկսվելու է առավոտյան 11-ից եւ տեւելու է մինչեւ երեկոյանը ժամաը 9-ը:
Ինչ վերաբերում է երթին, ապա այն արգելվել է պատճառաբանությամբ, թե «երթուղին խոշոր տրանսպորտային հանգույց է», «քաղաքի կենտրոնում կատարվում են լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ», ուստի նախատեսված երթը, ըստ ոստիկանության գրության` «կկազմալուծի տրանսպորտի բնականոն ընթացքը, իրական վտանգ կսպառնա միջոցառման մասնակիցների կյանքին եւ առողջությանը», «կկախտվի հասարակական կարգն ու կսահմանափակվեն այլոց սահմանադրական իրավունքները»:
Քաղաքապետարանը կազմակերպիչներին առաջարկել է նույն օրը նույն ժամին հանրահավաքն անցկացնել «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող հրապարակում: Այս առաջարկը Համաժողովրդական շարժման անդամ Լեւոն Զուրաբյանը «ծաղր» է գնահատում:
«Նույն հաջողությամբ մեզ կարող էին առաջարկել նաեւ Սովետաշենի աղբանոցը կամ նման մի ուրիշ տեղ: Դա ակնհայտ նվաստացման փորձ է նրանց կողմից, ծաղրանք... Բնականաբար` անընդունելի մեզ համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:
«Շարժումն արդեն հայտարարել էր, որ, անկախ ռեժիմի կողմից ընդունված որոշումներից, հունիսի 20-ի հանրահավաքը կայանալու է: Մենք վերահաստատում ենք այդ օրը ազատ հավաքների սահմանադրական հիմնարար իրավունքի վերականգնման մեր վճռականությունը», - երեկվա հաղորդագրությամբ հայտարարել է Համաժողովրդական շարժման կենտրոնը:
Monday, June 16, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment