Saturday, June 14, 2008

ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՄԵՐ ԽՆԴԻՐԸ ԼԵՎՈՆԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՐՁՆԵԼԸ ՉԷ, ՄԵՐ ԽՆԴԻՐԸ ԱՅՍ ՌԵԺԻՄԻՑ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼՆ Է»

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի, 1,5 տարի իրեն ապօրինի ազատազարկման բոլոր մեղավորները պետք է պատասխան տան օրենքի առջեւ: Այս մասին նա հայտարարեց հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը: Ժ.Սեֆիլյանը նշեց, որ դա է պահաջում ոչ թե իր անձնական վրեժխնդրությունը, այլ երկրում պետականության կայացման շահը:Նրա խոսքերով, թեեւ ճիշտ է, որ «ձուկը գլխից է նեխում», սակայն երկրի ղեկավարներն ունեն նաեւ մեծ թվով «ծառայողներ»: Մասնավորապես, ազգային անվտանգության համակարգում շատ կան «ռոբոտացված տղաներ», որոնք պատրաստ են անգամ իրենց մորը ապօրինաբար բանտարկել, եւ «կծառայեն երկրի ցանկացած նախագահին, անգամ եթե դա լինի Իլհամ Ալիեւը»:Ըստ Ժ.Սեֆիլյանի, ապօրինի զենք պահելու մեղադրանքով դատապարտվածներից միայն ինքն է, որ ազատազրկման մեջ է պահվել մինչեւ պատժի ժամկետի ավարտը: Նա նշեց, որ ո'չ նախկնին, եւ ո'չ ներկա նախագահի հետ անձնական բնույթի խնդիրներ չունի, եւ իր հանդեպ «հատուկ» վերաբերմունքի պատճառը «իր տեսակի մեջ է»: Ժ.Սեֆիլյանի խոսքերով, վերջին 10 տարիներին իշխանությունները երկիրը ղեկավարում են երեք սկզբունքների կիրառմամբ` կաշառելով, վախեցնելով, վերացնելով, ինչն իր նման մարդկանց դեպքում հնարավոր չէ:Հայաստանից իրեն արտաքսելու ծրագիրը, ըստ Ժ.Սեֆիլյանի, շատ լուրջ էր: Սակայն, իրենց մտադրությունից իշխանություններն այս պահին հրաժարվել են, իսկ եթե այնուամենայնիվ նման որոշում կայացվի, ապա Ժ.ՍԵֆիլյանը, իր իսկ խոսքերով, երկար ժամանակ չի բացակայի երկրից, իսկ արտասահմանում հայտնվելու հանգամանքը նա կօգտագործի Հայաստանում տիրող իրավիճակին սփյուռքին տեղեկացնելու եւ սփյուռքի ներուժը ի շահ համաժողովրդական շարժման օգտագործելու նպատակով:Ժ.Սեֆիլյանը տեղեկացրեց, որ կմասնակցի հունիսի 20-ի հանրահավաքին: Նրա խոսքերով, հանրահավաքը ընդդիմության հերթական վճռորոշ քայլերից մեկը կլինի: Ըստ Ժ.Սեֆիլյանի, ընդդիմութունը չի գնալու հեղաշրջման ճանապարհով, եւ դա շատ ճիշտ է: Նրա համոզմամբ, փետրվարյան իրադարձություններն ապացուցեցին, որ բազմամարդ եւ երկարատեւ հանրահավաքների արդյունքում հնարավոր է հասնել իշխանափոխության: Այդ ճանապարհը թեեւ ավելի դժվար է եւ երկար, սակայն հնարավորություն կտա խուսափել մարդկային զոհերից:Ժ.ՍԵֆիլյանը նաեւ նշեց, որ ունի տարաձայնություններ համաժողովրդական շարժման ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, մասնավորապես` ղարաբաղյան կարգավորման հարցում, սակայն դրանք չեն կարող նրա կողքին չկանգնելու հիմք դառնալ: Նա սխալ համարեց, որ Լ.Տեր-Պետրոսյանի շրջապատի մի խումբ մարդիկ «նրան կուռքի են վերածել»: Ժողովրդի մեծամասնությունը ոչ թե նրա անձն է պաշտպանում, այլ այն մարդուն, որի հնարավորությունները ավելին են, քան ընդդիմության մյուս ղեկավարներինը: «Մեր խնդիրը Լեւոնին նախագահ դարձնելը չէ, այլ այս ռեժիմից ձերբազատվելը: Լեւոնը շատ անգամ է նշել, որ ինքը միայն գործիք է, որին կարելի է օգտագործել, մենք էլ օգտագործում ենք»,- հայտարարեց Ժ.Սեֆիլյանը:

No comments: