«Panorama.am», 25.07.08: «Բյուջեն կառավարությունը կատարել է, սակայն այն 4 միլիարդ դոլարի փոխարեն հաստատել են 2,5 միլիարդ: Արժեզրկումը 4 տոկոսի փոխարեն եղել է 10 տոկոս եւ նրանք պարտավոր էին 500 միլիոն դոլարով բյուջեն գերակատարել, սակայն չեն արել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կառավարության գործունեությանը, նշեց Հայաստանի նախկին վարչապետ, Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհ Հրանտ Բագրատյանը, հավելելով, որ կառավարությունը վաղուց արդեն պարտավոր էր մտնել խորհրդարան եւ 2,5 միլիարդը դարձնել գոնե 2,9 միլիարդ, թեեւ ընդդիմությունը պահանջում է այն դարձնել 4 միլիարդ:Խոսելով կառավարության թերությունների մասին, նա մասնավորապես նկատեց, որ Հայաստանում դիզվառելիքը, միայն վերջին մեկ տարում պաշտոնական տվյալներով, թանկացել է 48 տոկոսով եւ անգամ անցել է բենզինի գնից, այն դեպքում երբ դիզվառելիքի վրա հարկը 1 տոննայի համար 32 հազար դրամ է, իսկ բենզինի վրա` 112 հազար դրամ:
«Պատկերացրեք, թե ինչքան է ավելացել դիզվառելիքի մոնոպոլիա ունեցողների շահույթը, իսկ պետությունը չի ասում, եկեք այդ 32 հազարը դարձնենք 60 կամ 70 հազար»,- ասաց Հ. Բագրատյանը, ընդգծելով, որ որեւէ կերպ չի երեւում, որ կառավարությունը փորձում է ինչ-որ բան փոխել:
Հաջորդ խնդիրը, որին անդրադարձավ տնտեսագետ Հ. Բագրատյանը, դա բենզինի ներմուծման խնդիրն էր: Նրա ներկայացմամբ, Համաշխարհային բանկի կայքում գրված է, որ բենզինի ներմուծումը 2002-2006 թվականներին 206 հազար տոննայից իջել է 170 հազար տոննայի:
«1996 թվականին այդ ցուցանիշը եղել է 237 հազար տոննա: Հիմա բացատրեք, ինչպե՞ս է լինում, որ 237 հազարը իջնում է 170-ի, երբ տարեկան 25 հազար մեքենա է ավելանում, երբ մարդատար մեքենաների քանակն ըստ էության, եռապատկվել է»,- նշեց նա, ընդգծելով, որ նախընտրական շրջանում իր այս հարցին ի պատասխան, ֆինանսների նախարարը ասել էր, թե պատճառն այն է, որ մեքենաներն սկսել են գազով աշխատել:
«Համաշխարհային բանկը ստուգեց եւ պարզեց, որ գազով աշխատում են մարդատար մեքենաների ընդամենը 15 տոկոսը: Այսինքն հանրապետություն իրականում մտնում է տարեկան մոտ 500-550 հազար տոննա բենզին, քանի որ 3 անգամ մեքենաների թիվն ավելացել է»,- եզրակացրեց նախկին վարչապետն ու հավելեց. «Ինչպե՞ս կարող է նոր-նոր պատերազմից դուրս ելած երկիրը ներմուծել 237 հազար տոննա բենզին, իսկ 2008-ին` 170 հազար տոննա»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment