Thursday, July 3, 2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի ազգային արխիվում հուլիսի 1-ին բացված «Վիլյամ Սարոյանը եւ Հայաստանը» խորագրով ցուցահանդեսում Ներկայացված են ամերիկահայ մեծ գրողի հայաստանյան այցելությունների վերաբերյալ փաստաթղթերը. նրա մասին հոդվածները, դասախոսությունները, նամակները, լուսանկարները, ինչպես նաեւ տեսագրություններ: Վ.Սարոյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի մեկնարկին ցուցադրվեց տեսասկավառակ, ուր հնչեց նաեւ մեծ գրողի ձայնը. «Ես հայ եմ, հայ ժողովուրդը, Հայաստանը կսիրեմ» հանրահայտ նախադասության առաջաբանով:Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով, Ե.Չարենցի անվան արվեստի եւ գրականության թանգարանի հետ համատեղ կազմակերպված այս ցուցադրության նպատակն է եւս մեկ անգամ ներկայացնել մեծ հայի կյանքի դրվագներին առնչվող որոշ վավերագրական նյութեր: «Թեպետ Վիլյամ Սարոյանին ներկայացնելու կարիք չկա մեզանում. յուրաքանչյուր հայ գիտի նրա անունը, ծանոթ է ստեղծագործություններին, առանց որոնց անհնար է պատկերացնել 20-րդ դարի հայ եւ ամերիկյան գրականությունը, սակայն սա եւս մի առիթ է կրկին անդրադառնալու նրան»,- ասաց նա:Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանի խոսքով, թանգարանը ունի տարիների ընթացքում ձեւավորված ֆոնդ` Սարոյանի մասին բնագրերով եւ պատճենահանված նյութերով: Պահպանվել է նույնիսկ այն հեծանիվը, որով գրողը շրջել է Հայաստանում: Այս ցուցադրությանը թանգարանը մասնակցում է 55 նյութով:Հ.Բախչինյանը հայտնեց, որ թանգարանը պատրաստվում է հրատակել իրենց արխիվում ունեցած Սարոյանի լուսանկարների ալբոմը: «Սարոյանի հիմնական արխիվը գտնվում է Միացյալ Նահանագներում, բայց փորձում ենք ինչ-որ նյութեր բերել Հայաստան»,- նշեց նա:

No comments: