Thursday, July 10, 2008

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԱՄՓՈՓԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ

«ԼՐԱԳԻՐ», 04.07.08: «Նախընտրական թոհուբոհի պատճառով մոռացության մատնվեց մի կարեւոր, պատմական իրադարձություն», հուլիսի 4-ի հանրահավաքի իր ելույթը սկսկել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա, այդ կարեւոր իրադարձությունը Ռոբերտ Քոչարյանի տասնամյա «փառահեղ» գահակալության ավարտն է: Այդ իսկ պատճառով, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հանրահավաքային ելույթի զգալի մասը նվիրել է հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման արդյունքի ամփոփմանը:
Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կեղծ տեղեկանքով եւ անօրինական ընտրությամբ զբաղեցրեց նախագահի աթոռը, 1999 թվականի հոկտեմբերի 27-ով ամրապնդեց այն, խփանեց հոկտեմբերի 27-ի եւ այլ սպանությունների բացահայտումը, դատական եւ օրենսդիր իշխանությունը զրկեց անկախությունից, երկիրը վերածեց ավազակապետության, կեղծեց իր պաշտոնավարման ընթացքի բոլոր ընտրություններն ու հանրաքվեն, սահմանափակեց մամուլի ազատությունն ու տնտեսական մրցակցությունը, ծաղկեցրեց կոռուպցիան, իր ընտանեկան բիզնեսը, դիզեց մեծ հարստություն, Ղարաբաղից Հայաստան բերեց մոտ 15 հազար մարդ, Հայաստանից արտագաղթեցրեց մոտ կես միլիոն մարդ` իր ապաշնորհ քաղաքականության պատճառով, ռազմավարական օբյեկտները տվեց Ռուսաստանին, խորացրեց հայ-թուրքական հարաբերության չկարգավորվածությունը, բաց թողեց Ղարաբաղի հարցի լուծման մի քանի բարենպաստ առիթ, եւ ի վերջո, իր պաշտոնավարումն ավարտեց Երեւանի կենտրոնում քաղաքացիները դեմ գործած աննախադեպ ոճրագործությամբ, սպանելով տասը մարդու:
Սակայն, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է նաեւ, որ չնայած բացասականին, հանուն արդարության պետք է ասել, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումը ունեցել է նաեւ դրական արդյունք: Մասնավորապես, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ իր պաշտոնավարման տասը տարիներին Ռոբերտ Քոչարյանը կտրել է 5 կմ կարմիր ժապավեն, շուրջ 300 մարդու շնորհել է գեներալի եւ ժողովրդական ու վաստակավոր արտիստների կոչում, մոտ տասը հազար մեդալ եւ շքանշան է շնորհել, նոր աշխատատեղերի ստեղծման մղումով ավելացրել է փոխնախարարների, պետական կառավարման հաստատությունների աշխատակազմերի, պետական պահպանության ծառայության աշխատատեղերի քանակը, նշանակալի ավանդ է ունեցել մշակույթի զարգացման գործում, հեռուստատեթերը լցնելով արեւելածոր մեղեդիներով եւ պորտապարերով, հարստացրել է ոսկեղենիկ հայերենը «վիզկապ», «մասանդրա», «ծյունինգ», «մթնելորտ» եւ այլ բառերով, ժողովրդին զվարճացրել է հայտնի անեկդոտներով` «կլիզմայի», «վատ պարողին խանգարող հանգամանքների»,«մոսկայի» եւ այլնի մասին:
Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, դա Ռոբերտ Քոչարյանի գործունեության միայն հայտնի մասն է, բայց կա նաեւ ծածուկը, որը անկասկած հայտնի է դառնալու վաղ թե ուշ, բացահայտվելով ժողովրդի եւ միջազգային ատյանների առաջ: Պատմությունը սակայն, կարծում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, մոռանալու է Ռոբերտ Քոչարյանի արած դրականն ու բացասականը, եւ նրա գործունեությունը հիշելու է մեկ նախադասությամբ` «Ռոբերտ Քոչարյան անունով ոմն բռնազավթիչ, երիցս ապօրինաբար բազմելով հանրապետության նախագահի աթոռին, իր գահակալությունը սկսկեց եւ ավարտեց արյունահեղությամբ, Հայաստանը վերածեց ավազակապետության, եւ ի չիք դարձրեց Ղարաբաղի խնդրի հայանպաստ լուծումը»: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այդ մեկ նախադասությամբ է պատմությունը բնորոշելու Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը:
Դրանից հետո, առաջին նախագահը նշել է, որ այդպիսով, Ռոբերտ Քոչարյանը գրեթե բոլոր առումներով շատ ծանր ժառանգություն է թողել իր հաջորդին` Սերժ Սարգսյանին: Այդ ծանր ժառանգության տակից դուրս գալու համար, Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը, պետք է ձեռնարկի կտրուկ միջոցներ: Մինչդեռ, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի կատարում այդ կտրուկ քայլերը իրավիճակը փոխելու համար, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, մնում է ենթադրել, որ Սերժ Սարգսյանն այժմ կամ դրության տերը չէ, այլ իրական տերը դեռ շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանը, կամ էլ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ լինելով ավազակապետական համակարգի առանցաքային դերակատարներից մեկը, ի վիճակի չէ դուրս գալ այդ համակարգի պարտադրիչ կապանքներից:

No comments: