Tuesday, July 22, 2008

ԲԱԶՄԱԹԻՎ ՀՈՒՅՆԵՐ, ՀԱՅԵՐ, ԱՍՈՐԻՆԵՐ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ` ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՉՀԱՆԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԸ

Բազմաթիվ հույներ (ինչպես Հունաստանից, այնպես էլ արտերկրից), հայեր, ասորիներ, ինչպես նաեւ Փոքր Ասիայի հազարամյա պատմություն ունեցող այլ ժողովուրդների ներկայացուցիչներ ու նրանց բարեկամներ բաց նամակով դիմել են Հունաստանի վարչապետին` իրենց զարմանքն ու զայրույթն արտահայտելով հունական կառավարության կողմից «ցեղասպանություն» բառը գործածությունից հանելու ջանքերի կապակցությամբ:
«Մենք մեր զարմանքն ու զայրույթն ենք արտահայտում առ այն, որ ձեր կառավարությունը ձգտում է կասկածելի օրինականության քմահաճ գործադրմամբ, թուրքական վարչակարգի պաշտոնյաների արտահայտած վրդովմունքին ի պատասխան ջնջել ցեղասպանություն բառը»,- ասվում է նամակում:
«Երեք տարի առաջ թիվ 2645 օրենքը, որ խորհրդարանի կողմից ընդունվեց միաձայն եւ հետագայում Պետական խորհրդի կողմից ճանաչվեց սահմանադրական, կոչ է անում ճանաչել սեպտեմբերի 14-ը` որպես Փոքր Ասիայում հույների ցեղասպանության հիշատակի օր: Հարգանքով պնդում ենք, որ դուք չհանեք ցեղասպանություն բառը` ի պատասխան թուրք ժողովրդին այսօր իշխող բռնատեր քեմալական վարչակարգի պահանջների»:

No comments: