Tuesday, July 22, 2008

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԱՆԿԱՐԱ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի միջհամալսարանական խորհուրդը թույլատրել է Նեւշեհիրի համալսարանի գրականագիտության ֆակուլտետում բացել հայերեն լեզվի եւ գրականության բաժին:
Ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, Գրականագիտության ֆակուլտետի դեկան դոկտ., պրոֆ. Մեթին Հուլագուն, հայտարարելով, որ ֆակուլտետում պետք է գործեն նաեւ հունարեն, եբրայերեն եւ արաբերեն լեզուների բաժիններ, հատկապես կարեւորել է հայերեն լեզվի եւ գրականության բաժնի բացումը:
«Մենք Հայաստանից պահանջում ենք, որպեսզի բացվեն Դաշնակցության արխիվները: Իսկ եթե բացվեն այդ արխիվները, ապա չենք կարողանալու գտնել մեկին, որ կարդա դրանք, որովհետեւ հայոց լեզվին տիրապետող մասնագետ չունենք»,- ասել է նա:
Թուրք պրոֆեսորը, նշելով, թե իրենք պատրաստվում են նաեւ հիմնել հայկական հետազոտությունների ինստիտուտ, ընդգծել է, որ հայերեն լեզվի եւ գրականության բաժինը կարող է ծառայել Թուրքիայի եւ Հայստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Մեթին Հուլագուն նշել է նաեւ, որ իրենք դիմելու են Պոլսո հայոց պատրիարքարանին եւ հայ համայնքին` հայոց լեզվի մասնագետ տրամադրելու խնդրանքով:
«Դրանից բացի հնարավոր է, որ դասախոսներ ուղարկվեն նաեւ Հայաստանի համալսարաններից: Որովհետեւ երեք տարի առաջ Հայաստան կատարած մեր այցելության ժամանակ շատ ջերմ ընդունելության արժանացանք: Հանդիպումներ ունեցանք Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի, ինչպես նաեւ դասախոսական կազմի հետ: Այն ժամանակվա դեկանը մեզ համագործակցության խոստում տվեց»,- նշել է Մեթին Հուլագուն:

No comments: