«ԼՐԱԳԻՐ», 04.07.08: Այսօրվա հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում հատուկ անդրադարձ ունեցավ Սերժ Սարգսյանի հնարավոր քայլերին: «Սերժ Սարգսյանն ունի երկու ճանապարհ` կախված պետականության մասին իր ունեցած պատկերացումներից: Եթե իր նպատակը պետությունն ուժեղացնելն ու ժողովրդի բարօրությունն ապահովելն է, ապա պետք է կազմալուծի ավազապետական համակարգը, բացահայտի մարտի 1-ը, ազատի քաղբանտարկյալներին, կազմավորի տեխնոկրատների պրոֆեսիոնալ կառավարություն, պայքարի ստվերի դեմ, հարկային դաշտ բերելով խոշոր հարկատուներին, ապահովի հավասար մրցակցություն, դատական եւ օրենսդիր իշխանության լիակատար անկախություն, երաշխավորի մամուլի ազատությունը, իրական քայլեր ձեռնարկի Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ», եւ այդպիսով, եթե անի այդ քայլերը, «դրական բագաժով հաստատի իր լեգիտիմությունը արտահերթ ընտրությունների միջոցով: Եթե նա անի այդ քայլերը, ապա արտահերթ նախագահական ընտրություններում լուրջ մրցակից կարող է լինել ինձ համար», հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, «Սերժի մյուս ճանապարհը, եթե իր նպատակն ապօրինի իշխանությունն ամրապնդելն է, ապա նա պետք է հրաժարվի կիսաքայլերից եւ օգտվելով իր ուսուցիչներից` Սադդամ Հուսեյնից եւ Մուգաբեից, հաստատի լիակատար դիկտատուրա եւ դաժանորեն ճնշի ժողովրդի` իր իրավունքների համար պայքարի ցանկացած փորձ: Տպավորությունն այնպիսին է, դատելով Սերժ Սարգսյանի ներկա գործողություններից, որ չունենալով հասարակական հենարան, Սերժ Սարգսյանն ընտրում է երկրորդ ճանապարհը: Սերժը երեք սխալ պատկերացում ունի: Իր գործողությունները հիմնվում են այդ երեք սխալ պատկերացումների վրա: Առաջին, չունենալով հասարակական հենարան, նա հույսը դրել է ուժային կառույցների միջոցով ժողովրդին ահաբեկելու վրա: Երկրորդ սխալ պատկերացումն այն է, որ իրենց թվում է, որ եթե մի քիչ էլ ժամանակ անցնի, ժողովուրդը կհոգնի եւ կցրվի տները: Երրորդ սխալն այն է, որ նրանք չեն գիտակցում, թե ինչպիսի հասարակության հետ գործ ունեն: Պիտի ասեմ, երեք դեպքերում էլ իշխանություններին հիասթափություն է սպասում: Ժողովուրդը չի հիասթափվելու, չի վախենալու եւ ինչպես մինչեւ հիմա, այնպես էլ հետո շարունակելու է պայքարել իր իրավունքների համար, որովհետեւ այժմ հասարակությունն անցած 10 տարիների անտարբեր հասարակությունը չէ, այլ իրենց ազատությունը գիտակցող քաղաքացիների համախումբ», ասում է Տեր-Պետրոսյանը:Այնուհետեւ առաջին նախագահն ասել է, թե «Սերժի երկընտրանքը կամ հոգեկան տվայտանքները կարող են ծանր նստել պետության վրա: Երկիրը կառավարող անձը պետք է հստակ ցույց տա` ինքը ժողովրդի հետ է, թե քրեական օլիգարխիայի: Երկմտանքը, չկողմնորոշվածությունը, հախաղումը կարող են ծանր նստել ժողովրդի վրա, առաջ բերելով անկայունություն»:
Thursday, July 10, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment