ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ազգային ժողովն ընդունեց երկրի կարևորագույն ֆինանսական փաստաթուղթը` պետական բյուջեի մասին օրենքը: Այն ցուցադրեց, որ վարչախումբը շարունակում է անհաղորդ մնալ աշխարհում եւ երկրի ներսում կատարվող կարեւոր գործընթացներին, իսկ իր հռչակած որեւէ տնտեսական ծրագիր առնչություն չունի իրականության հետ: 2009 թ. պետական բյուջեն կազմվել է առանց լուրջ վերլուծության, քննարկվել և ընդունվել է քաղաքական դիմագծից զուրկ, անգործունյա խորհրդարանի կատարյալ անտարբերության պայմաններում: Դրա հետեւանքով ֆինանսական կարեւոր այս փաստաթուղթը ծնվել է հետեւյալ անխուսափելի արատներով.- բյուջեի կազմման, քննարկման ընթացքում որևէ կերպ հաշվի չի առնվել եւ չի արտացոլվել ֆինանսական և տնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունն ու հետեւանքները;- բյուջեն զուրկ է ծրագրային որևէ հիմքից. երկրի տնտեսության զարգացման հիմնասյուն հանդիսանալու փոխարեն, դրան վերապահվփած է զուտ գանձապետական ֆունկցիա;- տարվա ընթացքում հարկային բնագավառում կատարված փոփոխությունների հետևանքով հարկային բեռը հիմնականում ծանրացած է փոքր և միջին ձեռնարկատերերի վրա, ինչը մինչեւ վերջ քայքայելու է առանց այդ էլ օժանդակության ու հոգածության կարոտ այս շերտը: Մինչդեռ իրավիճակը պահանջում է այնպիսի կտրուկ միջոցառումների ծրագրի մշակում և իրականացում, որոնք ուղղված են հարկային բեռի հիմնական ծանրության տեղափոխմանը ունեւոր խավի եւ բարձր եկամուտ ունեցող ձեռնակությունների վրա;- որևէ ուշադրության չի արժանացել ու հաշվի չի առնվել համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի, ինչպես նաեւ քաղաքական պատճառներով միջազգային, մասնավորապես Հազարամյակի մարտահրավերներ ծրագրով ֆինասավորման ամբողջական կամ մասնակի հնարավոր կրճատումը;- իրական խնդիրները փոխարինվում են կեղծ, առաջին հայացքից հմայիչ, սակայն իրականում անբովանդակ կարգախոսներով, ինչպիսին են Գյումրին` տեխնոքաղաք, Դիլիջանը` ֆինանսական կենտրոն, Հայաստան-Իրան երկաթուղի, նավթավերամշակաման գործարան և այլն, որոնց համար բյուջեով նախատեսված չեն գումարներ կամ չնչին, ծիծաղելի գումարներ են հատկացվում: Նման վերաբերմունքը վկայություն է, որ կառավարությունը ապատեղեկացնում է բնակչությանը;- ճգնաժամային տարվա բյուջեի ծախսային մասում պետք է լինեին միջոցառումներ` ուղղված հատուկ հակաճգնաժամային ֆոնդի ձեւավորմանը;- բյուջեում չկա նաեւ որեւէ հոդված, որով նախատեսված լինեն միջազգային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու, բարդացող սոցիալական վիճակը մեղմելու, բազմապատկվող գործազրկության աճը կանխելու խիստ հրատապ խնդիրները լուծելու համար նախատեսված ծախսեր:Վարչախումբն ի ցույց է դնում իր անզորությունը լուծելու ժողովրդի և պետության առջև կանգնած խնդիրները: Նրա գործունեությունը ուղղված է միայն օլիգարխիկ համակարգի շարունակական ամրապնդմանն ու հարստացմանը: Ուստիեւ` Հայ Ազգային Կոնգրեսը, իր ռազմավարական խնդիրն է համարում Հայաստանում օր առաջ օրինական իշխանության հաստատումը եւ երկրի զարգացումը բնականոն հուն վերադարձնելը: Այդուամենայնիվ Կոնգրեսն իր պարտքն է համարում պարբերաբար իշխանություններից պահանջել այն քայլերի իրականացումը, որոնք կարող են մեղմել ֆինանսական և տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները:
Saturday, December 13, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment