Monday, December 22, 2008

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԽՄԲԻ ՈՐՈՇՈՒՄԸ

«Լրագիր»- 19.12.2008-Հայաստանի նախկին արտգործնախարար, Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը Արմինֆո գործակալության խնդրանքով մեկնաբանել է ԵԽԽՎ Մոնիտորինգի խմբի որոշումը, որով առաջարկվում է ԵԽԽՎ բանաձեւերի դրույթները չկատարելու դեպքում հունվարին Հայաստանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից: Ըստ Վարդան Օսկանյանի, ԵԽԽՎ Մոնիտորինգի խմբի որոշումը խիստ մտահոգիչ է Հայաստանի համար, “հատկապես հաշվի առնելով տնտեսական ճգնաժամի ավելի նկատելի դարձող ազդեցությունը Հայաստանի վրա, ինչն, անշուշտ, լուրջ բարդություններ է ստեղծելու մեր երկրի համար. ժողովրդավարության հետ կապված խնդիրները կարող են էլ ավելի թուլացնել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում”:“Կարծում եմ, Հայաստանի իշխանությունները պետք է հնարավորինս արագ արձագանքեն այս հայտարարությանն այնպիսի գործողություններով, որոնք կհանգեցնեն հունվարին Հայաստանի համար բարենպաստ որոշման կայացմանը: Այն հանգամանքը, որ մոնիտորինգի հանձնախումբն առաջարկում է կասեցնել հայկական պատվիրակության քվեարկության իրավունքը, և դա, կարելի է ենթադրել, անակնկալ էր իշխանությունների համար, թերևս վկայում է, որ մեր պարտավորությունների կատարման վերաբերյալ իշխանությունների պատկերացումները տարբերվում են եվրոպական կառույցների ընկալումներից: Մինչ իշխանությունները վստահություն են հայտնում որ Հայաստանը կատարում է համապատասխան բանաձևերի պահանջները, մոնիտորինգի խմբի արձագանքն այլ բան է վկայում: Հույս ունեմ, որ մինչև հունվար Հայաստանի իշխանությունները իրական քայլեր կիրականացնեն, որպեսզի մեր պարտավորությունների կատարման վերաբերյալ մեր և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընկալումներն իրարից չտարբերվեն, և որպեսզի հնարավոր լինի կանխել Հայաստանի համար անբարենպաստ ու խիստ վտանգավոր որոշման ընդունումը”, ասում է Վարդան Օսկանյանը:

No comments: