Monday, December 22, 2008

Ալի Բաբաջան. «Նախաձեռնությունը կարող է վնասել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ջանքերը»

«Ազատություն». 20.12.2008- Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի զանգվածային կոտորածների համար ներողություն խնդրելու` թուրք մտավորականների նախաձեռնությունը կարող է վնասել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ջանքերը: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: «Սա զգայուն հարց է Թուրքիայի համար: Առկա է շարունակվող բանակցային գործընթաց (Հայաստանի հետ)... Նման բնույթի բանավեճը օգուտ չի բերում ոչ ոքի, հատկապես այն ժամանակ, երբ բանակցությունները շարունակվում են, եւ այն կարող է վնաս հասցնել բանակցային գործընթացին», - «Անատոլիա» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Բաբաջանը: «Ռոյթերզ» գործակալությունը նշում է, որ նույն օրը մտավորականների նախաձեռնության առնչությամբ իրենց դժգոհությունն են արտահայտել Թուրքիայի զինված ուժերի ազդեցիկ ներկայացուցիչները: Այն քննադատել են նաեւ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ թուրք ազգայնականները: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, սակայն, ողջունել է նախաձեռնությունը` որպես երկրում ժողովրդավարության առկայության ապացույց: Թուրք մտավորականների հայտարարությունը, որը ինտերնետում է երկուշաբթի օրվանից, արդեն միացել է 15 հազարից ավելի մարդ: Հայտարարության հեղինակները հայ ժողովրդից ներողություն են խնդրում Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի համար` դա որակելով «Մեծ Աղետ», իսկ տեքստի հայերեն տարբերակում` «Մեծ Եղեռն»: «Ես ներողություն եմ խնդրում» վերնագրված հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Իմ խիղճը չի ընդունում, որ մենք անհաղորդ մնանք եւ ուրանանք Մեծ Աղետը [Եղեռնը], որին Օսմանյան Թուրքիայի հայերը ենթարկվել են 1915 թվականին: Ես մերժում եմ այդ անարդարությունը, կիսում եմ հայ եղբայրներիս զգացմունքներն ու ցավը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»:

No comments: