Հայկականությունը քննարկման ենթակա չէ
«Առավոտ».14.12.2008-«Վրաստանում գտնվող եկեղեցիների հայկականությունը քննարկման ենթակա չէ, մտավախություն ունեմ մի հանձնաժողով էլ կստեղծվի, պարզելու համար՝ մենք հա՞յ ենք, թե՞ ոչ»,- երեկ «Փաստարկ» ակումբում ասաց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: Հայկական կողմը ակտիվացրել է իր քայլերը վրացիների բռնազավթած եկեղեցիների վերադարձման ուղղությամբ: Վրաստանը էթնակրոնական քաղաքականություն իրականացնելու մեծ փորձ ունի, որ փոխանցել են արեւմտյան պետությունները, հայերիս համար դա նոր երեւույթ է: Վրաստանը պահանջում է ոչ միայն Հայաստանում գտնվող «վրացական» եկեղեցիները՝ նման պահանջներ ունի նաեւ Ադրբեջանից ու Թուրքիայից: «Ադրբեջանը չի միջամտում վրաց եկեղեցու ներթափանցմանը՝ այն պարզ պատճառով, որ վրացական հայտարարվող եկեղեցիները հիմնականում աղվանական կամ հայկական են»,- նկատեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: Փորձագետները նշում են, որ Թբիլիսիում շարունակվում են համապատասխան բողոք-ակցիաները, որոնց պահանջն է Վրաստանին վերադարձնել ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Լոռու մարզում գտնվող հայկական տասը եկեղեցիները, այդ թվում՝ Սանահինի, Հաղպատի վանքերը, Խուճապավանքը... Եկեղեցիներ, որոնք հայ քաղկեդոնական մշակույթի կոթողներ են, եղել են հայերի կողմից կառուցված, իսկ մեսրոպատառ հին վրացերենով արձանագրությունները վրացական քաղաքականության ազդեցության տակ հայտնված հայ քաղկեդոնականների մշակութային ժառանգության արգասիք են:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Վրաստանի պատրիարքությունը տարածել է հայտարարություն, որտեղ նշված է, թե «Սուրբ Նորաշեն» եկեղեցու պատկանելությունը որոշելու համար պրոֆեսիոնալ փորձագետներից բաղկացած հանձնաժողով է պետք ստեղծել: «Այս խայտառակ բանակցությունների ընթացքին հետեւելով՝ մտավախություն ունեմ, որ եկեղեցին զիջվելու է հայկական կողմին՝ Հայաստանի տարածքում գտնվող մեկ այլ հայկական եկեղեցու փոխարեն»,- այս կարծիքին է Վ. Սարգսյանը:
Խնդիրը լուծելու համար միջազգային հանրությանը ներգրավելը փորձագետներն անիմաստ են համարում: Ըստ Վահե Սարգսյանի, հարցի լուծման մի տարբերակ կա. «82.000 թիֆլիսահայությանը անհրաժեշտ է գործոն դարձնել, բայց նրանք էլ չունեն ազգային ինքնագիտակցություն»:
ԼԻԼԻԹ ԲԱԲԱՅԱՆ
Sunday, December 14, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment