Lragir. 23-1-2009- Հայ հանրամատչելի միտքը տարվել է մի նոր հրապուրանքով: Այն սկսել է կարծել, որ թուրք-իսրայելական հարաբերության սառեցումը, որ նկատվեց Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ պատերազմի ընթացքում, կնպաստի, որ Ամերիկայում հրեական լոբբին այլեւս չաջակցի թուրքականին եւ չխոչընդոտի հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացին, որ պարբերաբար տեղի է ունենում Միացյալ Նահանգներում, թեեւ տեղի ունենում, բայց այդպես էլ տեղ չի հասնում: Դա իհարկե հետաքրքիր տրամաբանություն է: Փաստորեն, հայ հանրության մի զգալի մասը կարծում է, որ Ամերիկայում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւ չի ընդունվում միայն այն պատճառով, որ հրեական լոբբին ոչ թե մեզ, այսինքն հայկական լոբբիին, այլ թուրքականին էր աջակցում: Դժվար է ասել, թե հայության հանրամատչելի մտքի համար ինչ աստիճանի հիասթափություն կլինի, եթե նա մի պահ, թեկուզ մի ակնթարթ ենթադրի, որ ցեղասպանության ճանաչման խնդիրը Ամերիկայում ամենեւին էլ լոբբիները չեն որոշում: Պետք չէ ամերիկյան քաղաքականության մեջ գերագնահատել լոբբիների դերը, այդ թվում եւ հրեական: Պետք չէ տրվել դրանց մասին առասպելներին: Լոբբիներն Ամերիկայում ընդամենը “սնունդ” են քաղաքական իստեբլիշմենտի համար եւ բազմազանության համար էլ այդ իստեբլիշմենտը պարբերաբար նախապատվությունը տալիս է ասենք մեկ հրեական, մեկ հայկական, մեկ թուրքական, մեկ չինական լոբբիներին: Ինչ խոսք, ինչպես մարդն է առավել նախընտրում որեւէ կերակուր եւ հաճախ հենց դրանից է օգտվում, ամերիկյան քաղաքական իստեբլիշմենտն էլ ունի “համի” իր զգացումը եւ ունի հիմնական նախընտրած “սնունդ”, այսինքն նախընտրած լոբբի:Սովորաբար դա պայմանավորվում է ամերիկյան քաղաքական շահով: Այսինքն, լոբբիները չեն պայմանավորում Ամերիկայի շահը, այլ շահով է պայմանավորվում, թե որ լոբբին ինչ հարցում է ձեռք բերում ազդեցություն եւ հասնում արդյունքի: Հետեւաբար, երեւի թե հերթական պարզամտությունն է, կամ միամտությունը, երբ հաշվարկվում է, որ թուրք-իսրայելական հարաբերության սառեցումը կբերի հրեական լոբբիի վարքի փոփոխության, եւ եթե մեզ չօգնեն էլ, ապա չեն էլ խանգարի: Պետք չէ իհարկե բացառել, որ հրեական լոբբին իսկապես ձեռնամուխ լինի հայերի ցեղասպանության ճանաչման գործընթացին հակառակ կողմից, այսինքն փորձի աջակցել, իբրեւ թե աջակցել հայկական կազմակերպություններին: Սակայն եթե դա տեղի ունենա, ապա, ամենայն հավանականությամբ, ընդամենը հայկական հարցը Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությանը ծառայեցնելու համար: Ու քանի որ Իսրայելը այն պետությունն է, որն այդօրինակ հարաբերություններում առաջնորդվում է պարզ շահով, ոչ թե կույր վրիժառությամբ, ապա շատ հավանական է, որ հայկական հարցը օգտագործելով հրեաները կփորձեն ոչ թե պատժել, այլ ընդամենը “հետ” բերել Թուրքիային եւ կարգավորել հարաբերությունն այդ երկրի հետ, կամ ստիպել, որ Թուրքիան լոյալ լինի Իսրայելին: Բանն այն է, որ հազիվ թե Իսրայելի համար ավելի նախապատվելի լինի Հայաստանի, քան Թուրքիայի հետ հարաբերությունը:Ընդ որում, դա դեռ այն պարագայում, երբ մենք չենք խոսում ամերիկա-թուրքական հարաբերության մասին: Այսինքն, չենք խոսում այն մասին, թե ինչպես է այդ հարաբերությունը պատկերացնում ԱՄՆ նոր վարչակազմը: Ամերիկան իհարկե վաղուց է հասկացել, որ մեր տարածաշրջանում չի կարող արդյունավետ աշխատել միայն Թուրքիայի հետ գործակցելով ու փնտրում է այլընտրանքային գործընկեր, այդպիսով նաեւ լճացումից դուրս բերելով Թուրքիայի հետ իր հարաբերությունը: Սակայն պետք չէ իհարկե բացառել, որ Նահանգները որոշի այդուհանդերձ այդ հարցում գործի դնել հայերի ցեղասպանության ճանաչման խնդիրը: Բայց դա կորոշի Նահանգները, ոչ թե Նահանգներում գործող որեւէ լոբբի: Պետք է թերեւս մեկընդմիշտ հասկանալ, ապագայի համար թերեւս, որ ԱՄՆ չի ծառայում լոբբիներին, այլ լոբբիներն են ծառայում ԱՄՆ-ին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment